29-06-2017 14:15

Պետք չէ ՀՀ-ի և անբարյացակամ հարևանների հարաբերությունների բարելավման վերաբերյալ պատրանք ունենալ. Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը կառավարությունում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ պետք չէ Հայաստանի և անբարյացակամ հարևանների հետ (Ադրբեջան, Թուրքիա՝ խմբ. ) հարաբերությունների բարելավման վերաբերյալ պատրանքներ ունենալ:
Ներկայացնելով կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, երկրի ղեկավարն ընդգծել է, որ իշխանությունները շարունակում են արտաքին իրադրության բարելավմանն ուղղված աշխատանք տանել:
« Սակայն պատրանքներ չպետք է ունենանք: Մենք պետք է աշխատենք՝ ելնելով այն կանխադրույթից, որ մեր անբարյացկամ հարևանների հետ հարաբերություններում որևէ դրական փոփոխություն այժմ տեղի չի ունենում»,- ասել է Սարգսյանը:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: Երկու երկրների բարդ հարաբերությունների պատճառը, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության հարցում Անկարայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունն է, ինչպես նաև 1915թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին հանդեպ Թուրքիայի սուր արձագանքը:
2008թ. աշնանը ՀՀ նախագահ Սարգսյանը նախաձեռնել էր հարաբերությունների կարգավորման գործընթաց: 2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրեցին « Դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը», և «Երկկողմ հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից:
Սակայն, 2010թ. ապրիլի 22-ին, Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցման վերաբերյալ հրամանագիր ստորագրեց: Այժմ արձանագրությունների վավերացման հարցը գնտվում է սառեցված վիճակում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: