Բավ է պառակտվել
20-07-2016 11:32

Հայաստանն արդեն նախագահ չունի. Հայրիկյան

Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի գործողություններին ,լրագրողների հետ հանդիպմանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց.«ԱԻՄ-ը կես դար գործելով՝ երբեք որեւէ բռնության կողմ չի եղել, անգամ ազգային ազատագրական պայքարի փուլում: Իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում է, որ տղաները դիմել են նման քայլի: Եթե ուզում ենք, որ մեր երկրում ամեն ինչ միայն խաղաղ ճանապարհով լուծվի, ապա, ըստ էության, դեմ ենք գնում մարդու իրավունքների միջազգային նորմերին»:
«Մարդու իրավունքների հռչակագրում հստակ ամրագրված է, որ երբ ոտնահարվում են մարդու իրավունքները, նա կարող է դիմել ընդվզման: Այն ուղղակիորեն զգուշացնում է պետություններին, որ պատրաստ եղեք նման բաների: Եթե մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով լուծել նման խնդիրները՝ բացառելով ապստամբությունը, ապա ասում ենք, որ մարդու իրավունքների փաստաթուղթը ճիշտ չէ»,-նշեց Հայրիկյանը:
«Մենք դեմ ենք ցանկացած արյունահեղության: Այս ամենը կարող է շատ երկար տևել, բայց նույնիսկ դա ավելի ընդունելի է, քան նոր զոհը:«Սասնա ծռերի» երկու պահանջ իշխանությունն արդեն իրականացրել է: Նրանք պահանջում են նախագահի հրաժարականը: Բոլոր նորմալ երկրներում, եթե ոչ առաջին ժամերին, ապա գոնե երկրորդ օրը նա պետք է հանդես գար հայտարարությամբ: Ու՞ր է նա: Կարելի է ասել, որ Հայաստանն արդեն նախագահ չունի: Երկրորդ, իշխանությունները, կալանավորելով Ժիրայր Սեֆիլյանին, ցանկանում էին մեկուսացնել նրան, բայց այսօր տղաները նրանց հետ կապի մեջ են», - հայտարարեց նա: