Բավ է պառակտվել
17-11-2016 14:26

Սարգսյան. եթե Բաքուն ցանկանա փորձել ճակատագիրը`թող պատրաստվի վատագույնին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ եթե ադրբեջանական իշխանությունները կրկին ցանկանան փորձել ճակատագիրը, ապա պետք է պատրաստվեն վատագույն սցենարի։

«Մեզ հարկավոր չէ հարատև պատերազմ, սակայն եթե Բաքվի ղեկավարությունը ցանկանա կրկին փորձել ճակատագիրը, ապա թող պատրաստվի վատագույն սցենարի։ Քանի որ այդ դեպքում նրանք չեն կարող մեղադրել որևէ մեկին քաղաքների և շրջանների կորստի հարցում», – ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, Բաքվում պետք է գիտակցեն, որ ուժային լուծում իրենց մոտ չի ստացվի։

«Հայկական բանակը մեր ողջ ժողովուրդն է, որն ինչպես քսան տարի առաջ, այնպես էլ ապրիլին պաշտպան կանգնեց սեփական Հայրենիքին», – նշել է նախագահը։

ՀՀ նախագահը մեկնաբանել է շփման գծում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունն այն մասին, թե «ադրբեջանական բանակն ամենամարտունակ բանակներից մեկն է և հաղթել է ապրիլյան պատերազմում, ինչպես նաև հայտարարել է, որ «Հայաստանը ուրիշների կարիքն ունի ոտքի վրա մնալու համար»։

«Կարծում եմ` Ադրբեջանի ղեկավարության նման հայտարարություններում կարելի է տեսնել ղարաբաղյան խնդրի իրական պատճառը։ Սա ռազմատենչ ռեժիմի առկայությունն է, որի համար հարևանների հետ մշտական պատերազմը սեփական իշխանության պահպանման աղբյուրն է։ Դուք գիտեք` Իլհամ Ալիևի հայտարարության մեջ այնքան սուտ կա, որ եթե ես մեկնաբանեմ այդ ելույթի յուրաքանչյուր պարբերությունը, ապա մեզ հարկավոր կլինի մի քանի օր», – նշել է նախագահը։

«Հակիրճ կասեմ հետևյալը: Այս տարիների ընթացքում Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը ստեղծել է թերարժեքության և պարտվածի բարդույթներ: Եվ, բնականաբար, ադրբեջանական իշխանությունները օգտագործում են ցանկացած առիթ, իրավիճակ` այդ բարդույթը վերացնելու համար` նույնիսկ ստի, ապատեղեկատվության և իրականության խեղաթյուրման միջոցով: Տվյալ հայտարարությունը բացառություն չէ», - ընդգծել է ՀՀ նախագահը:

Նա հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը միշտ պնդել է, որ Ադրբեջանն ավելի ուժեղ է, քան Հայաստանը, որ նրանք ժամանակակից զենք ունեն, նավթադոլարներ, որոնք օգտագործելու դեպքում նրանք ցանկացած պահի կարող են գրավել Լեռնային Ղարաբաղը: «Ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակ իրականությանը բախվելով` Ադրբեջանի ղեկավարությունը, իր ուզածին չհասնելով, այժմ ստիպված է արդարացնել բոլոր մարդկային և ռազմատեխնիկական կորուստները, որոնք կրել է ապրիլյան պատերազմի ժամանակ», - նշել է Սարգսյանը:

«Եթե ադրբեջանական բանակը ուժեղ է խոսքի վրա, ապա մենք ապացուցեցինք մեր ուժը գործով: Մեզ քարոզչություն պետք չէ` մեր բանակի հզորությունը և մարտունակությունը ապացուցելու համար: Նրանք դրանում համոզվեցին
1990-ականներին մեզ պարտադրված պատերազմի ժամանակ, տեսան Լեռնային Ղարաբաղի բանակի մարտունակությունը ապրիլյան պատերազմի ժամանակ: Ընդ որում, Ղարաբաղի բանակը դիմակայեց ոչ միայն ադրբեջանական բանակին, այլ նաև դրա հանցակիցներին և վարձկաններին», - նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով, եթե ադրբեջանական բանակը, ունենալով ժամանակակից սպառազինություն և արտաքին աջակցություն, չորս օրվա ընթացքում չկարողացավ հաղթել Լեռնային Ղարաբաղի համեմատաբար սակավաթիվ զինուժին, մեծ կորուստներ կրեց` գրավելով ընդամենը մի քանի բարձունք, ապա հենց դա է նրանց բանակի մարտունակության ցուցանիշը, այլ ոչ թե Ադրբեջանի նախագահի խոսքերը:

Սարգսյանը նշել է, որ անկախացումից հետո Հայաստանը հայտնվեց բազմաթիվ մարտահրավերների առաջ` լինի դա Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը, թե արևելքից և արևմուտքից շրջափակումը։
«Չնայած այս ամենին և Ադրբեջանի և Հայաստանի ու Ղարաբաղի զինված ուժերի ներուժի անհամաչափությանը, ինչպես 25 տարի, այնպես էլ կես տարի անց հայկական զինված ուժերն ապացուցեցին, որ նրանք ի վիճակի են առանց դրսի օգնության, հուսալով միայն սեփական ուժերի վրա, տանել հաղթանակ և հարկադրել հակառակորդին զինադադարի», – ընդգծել է ՀՀ նախագահը։

Նրա խոսքով, տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի առաջնորդը փորձում է «հոգեբանական հաղթանակ» տանել իր ժողովրդի խելքի նկատմամբ` ցանկալին ներկայացնելով որպես իրականություն։

«Մենք ելնում ենք նրանից, որ անվտանգության ապահովման հարցերում Հայաստանն առաջին հերթին հույսը դնում է իր վրա։ Անխոս, մենք ունենք ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր, որոնք կոչված են նաև զսպող դեր խաղալ ուժային փորձերի դեպքում։ Հստակ պարտավորություններով այս միջազգային համաձայնագրերը կոչված են բարձրացնել երկրի մարտունակության մակարդակն ու զինված ուժերի առաջ ծառացած խնդիրների լուծման արդյունավետությունը», – նշել է ՀՀ նախագահը։

«Եվ հիմա պարզապես ծիծաղելի է պոստ–ֆակտում հերոս ձևանալը։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե Բաքվում ռազմական գործողություններին վերաբերվում են ինչպես համակարգչային խաղին` միաժամանակ կատարելով խաղադրույքներ։ Գուցե բախտը բերի։ Ամենավտանգավորն այն է, որ նրանք խաղադրույք են կատարում ոչ միայն երիտասարդների կյանքի, այլ նաև ողջ ադրբեջանցի ժողովրդի ճակատագրի վրա` չգիտակցելով իրողությունները. Բաքվի կողմից նոր ռազմական ագրեսիայի նախաձեռնելու պայմաններում Ադրբեջանը ստիպված կլինի չափազանց բարձր գին վճարել», – ընդգծել է Սարգսյանը։

Նրա կարծիքով, խնդիրն այն չէ, թե արդյոք, ի վիճակի էին ԼՂՀ ՊԲ ուժերը վերադարձնելու այդ տարածքները, թե ոչ, խնդիրն այն գինն է, որը հարկավոր էր վճարել այդ 800 հեկտարի համար։ «Մեզ համար թանկ է յուրաքանչյուր երիտասարդի կյանք, և մենք մինչև վերջ փորձելու ենք խուսափել ռազմական գործողությունների վերսկսումից` փորձելով տեղից շարժել բանակցային գործընթացը։ Սակայն եթե Բաքուն պատերազմ պարտադրի, ապա մենք հաստատ պատասխանատվություն չենք կրելու հակառակորդի զինծառայողների մահվան համար, որոնց Ադրբեջանը դիտարկում է որպես զուտ մսացու», – ընդգծել է ՀՀ նախագահը։

Նրա կարծիքով, հնարավոր է, որ եթե ժամանակին պարոն Ալիևը ծառայեր բանակում, նա չէր տոնի և չափի հաղթանակը մեկ օպերացիայով։ «Ինձ թվում է, թե նախագահ Ալիևը պետք է եզրակացություններ անի ինչպես 25 տարվա վաղեմության, այնպես էլ ապրիլյան պատերազմից», – նշել է Սարգսյանը։

Որպես մարդ, որը անցել է պարտադիր զինվորական ծառայություն և երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել բանակում` ՀՀ նախագահը նշել է, որ բանակի հաղթանակը կամ պարտությունը չափվում է ոչ թե մեկ օպերացիայով, այլ դրված նպատակներով և դրանց հասնելով։

«Ի՞նչ նպատակ էր հետապնդում Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծած ապրիլյան ագրեսիան։ Գիշերը, խախտելով հրադադարի ռեժիմը, հարձակվել հակառակորդի վրա, սպանել ծերերին և հետո խոշտանգել նրանց մարմինները, հորինել հեկտարներ, ցուցադրել հայ զինվորների կտրած գլուխներն ու պարգևատրել նրանց, ովքեր դա արել է, արդյոք, սա՞ է «պրոֆեսիոնալիզմը, հերոսությունն ու վարպետությունը», որոնց մասին խոսում է պարոն Ալիևը», – ընդգծել է Սարգսյանը։