Բավ է պառակտվել
17-04-2014 12:33

ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատարը լքեց ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցությունը

՛՛Շնորհակալություն հայտնելով ՕԵԿ-ին` համատեղ աշխատանքի և իմ քաղաքական ընթացքի համար` հայտարարում եմ իմ անդամակցությունն այդ կուսակցությունում դադարեցնելու մասին: Ես այլևս այդ կուսակցությունում անելիք չունեմ՛՛.
Այս մասին ասվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադևոսյանի հայտարարության մեջ` ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ:
՛՛Վեց տարի շարունակ, ՕԵԿ-ը` հանրապետության Նախագահի և ՀՀԿ-ի հետ նույն քաղաքական կուրսով է ընթացել: Որպես նախարար մոտ 2 տարի` անձամբ պատասխանատվություն եմ կրել երկրում վարվող տնտեսական քաղաքականության համար: Չեմ կարծում, թե նոր վարչապետի նշանակմամբ քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունեցել, որը հիմք կարող է հանդիսանալ այդ պատասխանատվությունից հրաժարվելու համար: Անշուշտ, հանրապետությունում բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրներ կան, այդ մասին միշտ բարձրաձայնվել է հենց իշխանությունների կողմից, բայց այդ խնդիրները պետք է լուծել հետևողական աշխատանքի շնորհիվ՛՛,-ասել է Սամվել Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ «Օրինաց երկիր»-ը կոալիցիոն կառավարության մաս չի կազմելու, իսկ ՕԵԿ քվոտայով նախարարները՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դադարեցրել են իրենց անդամակցությունը կուսակցությանը։