Բավ է պառակտվել
10-09-2016 17:00

Հայաստանի անցնող ամռան ամենահիշարժան իրադարձությունները

Քառասուն աստիճանի հասնող տապը նահանջեց, ինչը նշանակում է, որ ամառն ավարտվել է: Վերհիշենք երկրում տեղի ունեցած 2016 թ. երեք` բոլոր իմաստներով թեժ ամիսների առավել աղմկահարույց, հիշարժան իրադարձությունները:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան

Հունիսի 24-ին Հռոմի պապը ուխտագնացություն սկսեց դեպի Հայաստան` երկիր, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այս պատմական իրադարձության Կարգախոսը հենց այդպես էլ հնչել է` «Այց առաջին քրիստոնյա երկրի»:
Հռոմի Պապն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթակցությամբ Լատինական ծեսով Սուրբ Պատարագ մատուցեց Գյումրիում, մասնակցեց Երևանի Հանրապետության հրապարակում էկումենիկ արարողության և Խաղաղության Աղոթքին: Այցի վերջին կետը Թուրքիայի հետ սահմանին գտնվող Խոր Վիրապ վանքի այցելությունն էր:

ՊՊԾ շենքի գրոհը

Հուլիսի 17–ին ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել է ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում եղել են վիրավորներ:
Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:
Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 անձ: 50 անձ կալանավորված է, երկուսը հետախուզման մեջ են, մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ:

Գերմանիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Դրանով ճանաչել ու դատապարտել է 1915-ի Ցեղասպանությունը:
Բանաձևը գրեթե միաձայն է ընդունվել. մեկ պատգամավոր է դեմ քվեարկել, մեկը՝ ձեռնպահ:
Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևին արձագանքել է Թուրքիայի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարելով. «Այս որոշումը, որը Գերմանիայի խորհրդարանը կայացրերց, իրականում լրջորեն կազդի Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վրա: Այնուհետև մենք պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք, որոնք կստիպեն մարդկանց հաշվի նստել Թուրքիայի հետ»:

Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե մեդալ Օլիմպիական խաղերում

Աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի առակի չեմպիոն, Լոնդոնի օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական ամառային խաղերի ոսկե մեդալ հունահռոմեական ոճի ըմբշամարտում` եզրափակչում 3։0 հաշվով հաղթանակ տանելով Դանիել Կաբրերա Լուգոյի նկատմամբ։
105 կգ քաշային ծանրորդների պայքարում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 417 կգ արդյունքով դարձավ Խաղերի արծաթե մեդալակիր: Ծանրորդներից Գոռ Մինասյանը (105+ կգ) ևս դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Գյումրեցի ծանրորդը երկամարտում գրանցել էր 451 կգ արդյունք:
Անկախ Հայաստանը կարող էր ունենալ նաև Օլիմպիական խաղերի 3-րդ չեմպիոնը, սակայն մրցավարության կոպիտ և կողմնակալ որոշումը զրկեց 66 կգ քաշային Միհրան Հարությունյանին պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու բերկրանքից: Մրցավարների խայտառակ որոշմամբ` օլիմպիական ոսկին տրվեց սերբ ըմբիշին: Հարությունյանը ստացավ օլիմպիական արծաթը:
Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանը 206 երկրների շարքում զբաղեցնում է 42-րդ տեղը:
Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

Հայաստանի կիսապաշտպանը հուլիսի 6-ին պաշտոնապես միացել է «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբին:

Մխիթարյանը «Կարմիր սատանաների» մոտ տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիայից», որում նա խաղացել է 2013 թվականից:
Հայաստանի բասկետբոլի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն

Հայաստանի բասկետբոլի հավաքականը դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելովառաջնության գործող չեմպիոն Անդորրային: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակեց 24 միավոր:

Հայտնի բրիտանացի դերասանուհի Ժաքլին Բիսեթը այցելեց Երևան

Բրիտանացի դերասանուհի, համաշխարհային կինոաստղ, «Ոսկե Ծիրան 2016» 13-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր Ժակլին Բիսեթը խոստովանել է, որ ցանկանում է ծանոթանալ հայկական խոհանոցին և կինոմատոգրաֆին:
Ժակլին Բիսեթը նկարահանվել է Տրյուֆոյի, Պոլանսկու, Մաստրոյանիի ֆիլմերում: Աշխատել է այնպիսի դերասանների և դերասանուհիների հետ, ինչպիսիք են` Օդրի Հեփբերնը, Ֆրենկ Սինատրան, Փոլ Նյումանը, Էնթոնի Հոփքինսը, Շոն Քոներին, Ժան-Պոլ Բելմոնդոն և այլք: Ֆրանսիայի նախկին նախարար Նիկոլյա Սարկոզին անվանել է նրան կինոյի խորհրդանիշ: Նրան համարում են համաշխարհային կինոյի ամենագեղեցիկ դերասանուհի: