24-09-2015 11:04

Սահմանադրական փոփոխության նախագծի շուրջ կա քաղաքական կոնսոլիդացիա. Գ. Մելիքյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը այսօր խոսելով սահմանադրական փոփոխությունների նախագծից նշեց, որ «Բարեփոխումների անհրաժեշտություն առաջացավ, երբ 2005թ.-ի Սահմանադրությունը չկարողացավ ապահովել մարդակենտրոն իշխանությունը և ուժերի հավասարակշռությունը: Նախկին Սահմանադրությունը ևս անձնակենտրոն էր»: Պատգամավորը նշեց, որ ԱԺ քննարկումները ցույց տվեցին, որ այս հարցի շուրջ կա քաղաքական ուժերի կոնսոլիդացիա: Նա նկատեց, որ ընդդիմադիր ուժերի առաջարկությունների մի մասը ընդունվել է: «Ընդդիմադիր խմբակցությունները ամբողջապես դեմ չեն արտահայտվում: ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս ընդունեց, որ ՀԱԿ խմբակցությունը պառակտված է և ոչ բոլորն են լիովին դեմ արտահայտվում նախագծին: Իսկ Ժառանգությունից միայն մեկ հոգի՝ վերջին ու կարծես միակ նախագահ Զարուհի Փոստանջյանը դեմ արդտահայտվեց»: Ինչ վերաբերվում է «դեմ»-ի շարժմանը, ապա ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ այդ շարժման անդամները նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ բովանդակություն ունի Սահմանադրությունը: Նրա պնդմամբ Մայր օրենքի փոփոխված տարբերակը կհանգեցնի իշխանության իրավունքների նվազեցման և պատասխանատվության բարձրացմա: Կմեծանա խորհրդարանական ուժերի դերը. « Իշխող մեծամասնությունը չի կարողանա միանձնյա որոշումներ կայացնել՝ կարևոր պաշտոններում կատարվող փոփոխությունների ժամանակ: Դատական համակարգի համար սա ևս կարևոր ազդեցություն կունենա, կապահովվի դատական համակարգի անկախությունը»: Բանախոսը նկատեց, որ. «Սահմանադրությունը քաղաքական խաղի կանոնագիրքն է, եթե փոփոխությունները չեն բերելու կայունության, ապա այդ փոփոխությունները տեղին չեն: Իսկ կայունությունը գալիս է կայուն մեծամասնության առկայությունից»:

Մարինե Բարսեղյան