23-10-2015 13:42

Սահմանադրական բարեփոխումներին ավելի շատ այո են ասում. Վ. Էնֆիաջյան

«ԲՀԿ-ն շատ է կարևորում հատկապես Սահմանադրական բարեփոխումների գործընթացը և պետք է փաստենք, որ մենք մեծ առաքեկություն ունենք այս գործընթացում»,- այսօր, լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ երեկ իրենք եղել են Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, հանդիպում են ունեցել ժողովրդի հետ և հասկացել են, որ հասարակության մի զգալի հատված տեղեկացված չէ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում և ինչ է իրենց սպասվում:
Պատգամավորը նշեց, որ քարոզարշավի ընթացքում անհրաժեշտ է մանրամասնորեն ներկայացնել, թե ինչ փոփոխություններ են տեղ գտել երկրի Մայր օրենքում, որպեսզի մարդիկ հանրաքվեի ժամանակ կայացնեն իրենց գիտակցված որոշումը:

Վահե Էնֆիաջյանը նաև նշեց, որ ԲՀԿ-ն ողջունում է խորհրդարանական համակարգին անցումը.
«Սա կուսակցական համակարգի զարգացմանը միտված լուրջ քայլ է: Գերլիազորություններով նախագահական ինստիտուտի առկայությունը բացասական երևույթ է երկրի համար»,- նշեց նա և հավելեց, որ .«Այս նախագծում ասվում է, որ ՀՀ նախագահը յոթ տարով է ընտրվելու և այդ պաշտոնում վերընտրվելու հնարավորություն չի ունենալու: Բացի այդ նա չի ունենալու կուսակցական պատկանելիություն, ինչը ևս կարևոր է»:
Պատգամավորը հայտնեց, որ մարզեր կատարած իրենց այցերի և հասարակության անդամների հետ շփումների արդյունքում պարզ է դառնում, որ .« սահմանադրական բարեփոխումների ծրագրին ավելի շատ այո են ասում, քան ոչ»:

Մարինե Բարսեղյան