08-12-2014 14:11

Գալուստ Սահակյանն ընդունել է Ուրուգվայի Սենատի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, Դանիլո Աստորիին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանքային գործունեություն: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այսօր Հայաստանը եւ Ուրուգվայն ունեն փոխադարձ հարգանքի, վստահության եւ պատմական բարեկամության վրա հիմնված հարաբերություններ: Գալուստ Սահակյանը կարեւորել է ՀՀ Նախագահի այցը Ուրուգվայ, որի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ինչպես նաեւ ստեղծվել են նոր հեռանկարներ երկու երկրների հետագա համագործակցության համար: Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը՝ խորհդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ պարոն Աստորիի այցը նույնպես կնպաստի այդ հարաբերությունների խորացմանը: Խոր ակնածանքով հիշելով 1965 թվականին Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Մոնտեվիդեոյում Ցեղասպանության թանգարան հիմնելու որոշումը: Խոսելով Ուրուգվայի հայ համայնքի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն այսօր սփյուռքի բարգավաճող եւ կայացած համայնքներից մեկն է, որը ներկայացված է նաեւ Ուրուգվայի պետական կառավարման համակարգում: 

Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ այսօրվա մեր քաղաքական գերխնդիրներից մեկին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին շուտափույթ եւ խաղաղ ճանապարհով լուծում տալուն: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կարող է ակնկալել Ուրուգվայի աջակցությունը Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական լայնածավալ գործունեությանը հակազդելու հարցում: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է հայ-ուրուգվայական համագործակցության բարձր մակարդակը միջազգային կազմակերպություններում եւ Ուրուգվայի հավասարակշռված մոտեցումը ՄԱԿ-ում Հայաստանին ուղղակիորեն առնչվող բանաձեւերի քվեարկության ժամանակ:

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ այս այցը լավ առիթ է հարաբերությունները խորացնելու համար: Դանիլո Աստորիի խոսքով՝ Ուրուգվայն ունի նորընտիր կառավարություն, որը նունպես ձգտում է զարգացնել եւ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ: Նա նշել է, որ երկու բարեկամ երկրներն ունեն շատ ընդհանրություններ՝ իրենց պատմության, ավանդույթների, մշակույթի վրա հիմնված: Պարոն Աստորին կարեւորել է Ուրուգվայում հայկական մեծ համայնքի առկայությունը եւ ազգանպաստ գործունեությունը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ուրուգվայի մոտեցմանը՝ նա նշել է, որ ցեղասպանության զոհերի հիշատակը միշտ վառ կպահվի իրենց երկրում, քանի որ պիտի ամեն ինչ անել կրկնությունը թույլ չտալու համար:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Դանիլո Աստորին նշել է, որ Ուրուգվայը մշտապես աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի հիմնախնդրին խաղաղ լուծում տրվի: Նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության, բարեկամական խմբերի դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Այնուհետեւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահը ԱԺ նախագահի կողմից պարգեւատրվել է Ազգային ժողովի Պատվո մեդալով:
Հանդիպման ավարտին Դանիլո Աստորին գրառում է կատարել Ազգային ժողովի Պատվավոր հյուրերի գրքում՝ մաղթելով հայ ժողովրդին շարունակել պայքարը հանուն խաղաղության եւ արդարության, որպեսզի չկրկնվի պատմությունը: