07-07-2014 08:35

Սահակաշվիլին կառավարության ղեկավարին մեղադրել է փողերի լվացման մեջ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հրապարակավ մեղադրանքներ է հնչեցրել վրաց կառավարության գործող ղեկավար Իրակլի Գարիբաշվիլի և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հասցեին՝ պնդելով, որ մինչ 2012 թվականը նրանց հանդեպ Վրաստանի դատախազությունում գործ է բացված եղել՝ առավել խոշոր չափի փողերի լվացման մեղադրանքով:

«Ձեզ մի գաղտնիք բացեմ. Մինչ 2012 թվականը Իվանիշվիլիի և Գարիբաշվիլիի հանդեպ դատախազությունում գործ էր բացվել մի քանի տասնյակ մլն-ի լվացման մեղադրանքով: Գարիբաշվիլիի հանդեպ գործ էր հարուցվել կրեդիտ քարտերի գործով, որոնցից նրանք գումարներ էին հանում՝ խախտելով բոլոր օրենքները: Նրանք երկուսն էլ ենթակա էին ձերբակալության, քանի որ անհերքելի փաստեր և ապացույցներ կային»,-Новости Грузия-ն մեջբերում է Սահակաշվիլի խոսքը «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում:

Նախկին նախագահի խոսքով՝ ինքն և այն ժամանակ արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին որոշում են կայացրել հնչեղություն չտալ այդ գործին: «Իվանիշվիլիին տուգանել են 80 մլն լարիով ( 50 մլն դոլար), իսկ նրա թիմակիցներից որևէ մեկը բանտում չի հայտնվել: Դա եղել է քաղաքական որոշում՝ նման մեթոդներով չպայքարել քաղաքական հակառակորդների հետ», - ընդգծել է Սաակաշվիլին:

Վրաստանի Գլխավոր դատախազությունը, ինչպես նաև Բիձինա Իվանիշվիլին ու Իրակլի Գարիբաշվիլին դեռևս չեն մեկնաբանել Միխեիլ Սաակաշվիլիի այս ելույթը: