Բավ է պառակտվել
24-02-2016 14:18

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը կստորագրեն Սերժ Սարգսյանն ու Աղվան Վարդանյանը

ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ համագործակցության հուշագիրը կստորագրեն Սերժ Սարգսյանն ու Աղվան Վարդանյանը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ այն 4-5 էջում է շարադրված: Անդրադառնալով փաստաթղթի բովանդակությանը, Ռուստամյանը նշել է. «Բովանդակությունը կհրապարակվի կիմանաք: Ամեն ինչ մանրամասն կասենք, հո թաքուն չե՞նք անելու: Բոլոր հարցերը հստակեցվելու է, չի մնալու անպատասխան հարց: Լրագրողներին էլ խնդրելու ենք, որ այն, ինչ համաձայնեցրել ենք՝ հետեւեն, որ իրականություն դառնա»: Նրա խոսքով, դա հարցերի մեծ փաթեթ է՝ ուղղված ապագային: «Մեր ներքին ու արտաքին բոլոր ոլորտներին վերաբերող»,-ասել է Ռուստամյանը: Նա այդպես էլ չպատասխանեց հարցին, թե ո՞վ է փոխարինելու Արծվիկ Մինասյանին ԱԺ ՀՅԴ խմբակցությունում, երբ նա նշանակվի Էկոնոմիկայի նախարար: Հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, թե ՀՅԴ դրսի կառույցները դեմ են այս համագործակցությանը, Ռուստամյանը պատասխանել է. «Աստված տվեց` ես այդ օրերին ԱՄՆ-ում էի, որտեղ, իբր թե, ըմբոստություն էր, ժողովուրդը դուրս էր եկել շարքերից, բողոքում էր ղեկավարությունից: Ես այնտեղ խոսել եմ 3 հազար մարդու առջեւ եւ ծափահարություններ են եղել»: