Բավ է պառակտվել
06-06-2016 14:45

Ռուսաստանի և Հայաստանի ՀՕՊ միասնական համակարգն այլընտրանք չունի.Ռուստամյան

Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգի մասին համաձայնագիրը հակաօդային պաշտպանության համակարգի ուժեղացման միակ միջոցն է, կարծում է պատգամավորը

Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծումն այս պահին համակարգի ուժեղացման միակ միջոցն է, լրագրողներին ասաց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Եթե դու ավելի լավ համակարգ չունես, պետք է ուժեղացնես ունեցածը։ Նրանք, ովքեր դեմ են, լավագույն տարբերակ չեն առաջարկում։ Մենք այսօր այլընտրանք չունենք, քան այն, ինչ ձեռքի տակ կա»,- ասաց Ռուստամյանը։

Նրա խոսքով` համատեղ ՀՕՊ-ը ենթադրում է տարածաշրջանային մակարդակում անվտանգության հարցերի լուծում։

«Կա նաև Թուրքիան, որը մեր քթի տակ դասավորվում է, սպառնալիք է մեզ համար, երրորդ՝ դաշտային թուրքական բանակը Նախիջևանի տարածքում է տեղակայված ու ի՞նչ անենք՝ եղածը զրոյացնե՞նք… Այդ հայտարարությունները պետք է տրամաբանված լինեն, անհետևանք հայտարարություններ անելը մեր շահերից չի բխում»,- նշեց նա:

Նրա խոսքով` ՀՕՊ համակարգն ուղղված է ՀԱՊԿ բոլոր անդամների պաշտպանությանը և «եթե հնարավորություն կա կանխել նման վտանգը Հայաստանի օգնությամբ, ապա այդպես էլ պետք է լինի»։ Նույնը պետք է վերաբերի նաև մյուս անդամներին։

Նա նշեց, որ համաձայնությունը ստորագրվել է Սիրիայի իրադարձությունների հետ կապված։

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածություն է եղել, ինչը կարող էր Հայաստանի նկատմամբ որոշակի ոտնձգության վերածվել»,- ասաց Ռուստամյանը` օրինակ բերելով երկրի տարածք թուրքական ինքնաթիռների ներխուժումը։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտնել էր, որ համաձայնագրի նպատակը կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ համակարգի կատարելագործումն է։

Նրա խոսքով` ՀՕՊ միացյալ համակարգում ներառված զորքերի ընդհանուր կառավարումը կտնօրինի Ռուսաստանը, իսկ ՀՕՊ առանձին համակարգերը կվերահսկվեն Հայաստանի ռազմական ղեկավարության կողմից։