04-03-2014 15:03

Ռուսաստանն այսօր լուրջ ճնշումների է ենթարկում Հայաստանին. Դավիթ Շահնազարյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ընդդիմադիր քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը նշել է, որ Ռուսաստանն այսօր լուրջ ճնշումների է ենթարկում Հայաստանին, որպեսզի վերջինս արտահայտի իր դիրքորոշումը ռուս–ուկրաինական հակամարտության հարցում:
Ըստ բանախոսի այսօր Ռուսաստանի այս դիրքորոշումը որևէ երկիր չկա, որ պաշտպանի։
՛՛Պուտինը փորձեց Բելառուսի նախագահի հետ խորհրդակցել՝ փորձելով նրանից կորզել պաշտպանություն,նույնը՝ Ղազախստանի նախագահի, և ես վստահ եմ, որ ՀՀ իշխանությունները լուրջ ճնշման են ենթարկվում, որպեսզի արտահայտվեն՛՛,- նշեց բանախոսը:
Դավիթ Շահնազարյանը չբացառեց այն, որ Ռուսաստանը ակտիվ գործողություններ կձեռնարկի նաև մեր տարածաշրջանի նկատմամբ:
՛՛Կասկած չունեմ, որ կոնֆիդենցիալ մակարդակով շատ ինտենսիվ երկխոսություն է գնում »,-ասաց նա:

 


Իսկ ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Երևանի լռությունը շատ ճիշտ է համարում: Նա արձանագրեց, որ 100 հազար ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներ են ապրում Ուկրաինայում (ոչ պաշտոնական թվերով՝ 400 հազարից ավելի) և, հետևաբար, ողջ հետխորհրդային տարածքում Ուկրաինան առանցքային երկիր է Հայաստանի համար:
՛՛Եվ, հետևաբար, այս իրավիճակում, Հայաստանը պետք է անի միայն մեկ բան՝ լռել և սպասել, ինչպես վարվում է ողջ աշխարհը, բացի «անձնապես» շահագրգիռ երկրներից՛՛,- հավելեց Իսկանդարյանը և նշեց, որ ինչ իշխանություն էլ հաստատվի Ուկրաինայում ռուսամետ կամ արևմտամետ, Հայաստանը պարտավոր է բարեկամական հարաբերություններ ունենալ այս երկրի հետ:
Ինչ վերաբերում է հարցին, թե կարող է բանը հասնել նրան, որ Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի անդամ հանդիսացող Հայաստանը ստիպված լինել զորախումբ ուղարկել Ուկրաինա, Դավիթ Շահնազարյանը հայտարարեց.«ՀԱՊԿ անդամները նման պարտավորվածություն ունեն, եթե հարձակում է տեղ ի ունենում Պայմանագրի անդամ երկրի վրա, մինչդեռ ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ենթարկվում է հարձակման»: