08-08-2014 12:34

Ռուսական թերթն անդրադարձել է Սոչիում Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը

«Независимая газета» թերթն անդրադարձել է Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը, որին նախորդել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի զգալի սրումը:
Ադրբեջանում Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ներկայացուցչության տնօրեն Շահին Ռզաևը «НГ»-ին տված հարցազրույցում ենթադրություն է հայտնել, որ կողմերի միջև կարող է պատրաստվել «հերթական նոր համաձայնությունը»:

«Մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ երկու երկրների առաջնորդների բանակցություններում պետք է առաջընթաց ակնկալել: Այդ առաջընթացին ընդառաջ կողմերից յուրաքանչյուրը փորձում է ուժեղացնել իր դիրքերը»,- կարծում է Ռզաևը:

Ըստ նրա՝ փաստաթուղթը, որը դրվելու է նախագահների քննարկմանը, գրեթե պատրաստ է: Հենց այդ պատճառով է յուրաքանչյուր կողմ փորձում ավելի շահավետ դիրք գրավել, որպեսզի բանակցություններին «հնարավոր լինի որևէ մի բան հարաբերականորեն անցավ զոհաբերել»:


Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության երևանյան կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ ասել է «НГ»-ին, որ Ադրբեջանը շահագրգռված է լարվածության պահպանմամբ, որպեսզի միջազգային հանրությունը չմոռանա Լեռնային Ղարաբաղի չկարգավորված խնդրի մասին:


Ըստ քաղաքագետի՝ հրադադարի խախտման վերջին դեպքերը կարող են կապված լինել մի քանի գործոնների հետ, որոնցից մեկը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ ժամանակակից հարձակողական զենքի վաճառքն է, երկրորդը՝ ԵՏՄ-ին և ՄՄ-ին միանալու հետ կապված Երևանի խնդիրները, որից ստեղծված իրավիճակից էլ օգտվում է Ադրբեջանը:
Քաղաքագետը նաև առաջարկում է հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության ընդլայնման հարցում Ռուսաստանի համար Ադրբեջանի կարևորության գործոնը:


Երկու կողմերից մի շարք փորձագետներ համաձայնելով, որ ուժային լուծման փորձը ոչ մեկին ձեռնտու չէ, կարծում են, որ եթե Սոչիում չհաջողվի հասնել խնդրի կարգավորման ուղղությամբ որևէ գործնական առաջընթացի, ապա շփման գծում լարվածության մեծացումն անխուսափելի կդառնա, եզրափակում է «НГ»-ն:

Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք կանխվել են ԼՂՀ ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից: