Բավ է պառակտվել
29-05-2014 14:02

1-ին անգամ ՀՀ-ն բավական բարձր մակարդակով պատասխանեց Էրդողանի ապրիլ 23-ի ուղերձին.թուրքագետ


«Թուրքիայի ապագա նախագահին Հայաստան հրավիրելով՝ հայ-թուրքական հարաբերություններում այս անգամ ևս գնդակը նետվեց Թուրքիայի կիսադաշտ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում համոզմունք հայտնեց Թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը: Փորձագետի կարծիքով Թուրքիայի քաղաքական մեքենան բավական ծանր դրության մեջ հայտնվեց, քանի որ իրոք այս հայտարարությունը խորքային մշակված էր, համապատասխանում էր 21-րդ դարի տեղեկատվական պատերազմների ոգուն և լուրջ խնդիրներ է առաջացրել թուրքական վերնախավի մոտ: «Դրա ապացույցներից է, որ մինչև այժմ որևէ պաշտոնական հակադարձում կամ պատասխան չկա, չնայած թուրքական լրատվական դաշտն այս երկու օրը զբաղված է Նախագահի հայտարարության տեքստի տեղադրմամբ և փորձեր է անում դա վերլուծել:»,-ասաց նա: Վերջինիս խոսքով՝ արդեն տևական ժամանակ է, որ Թուրքիան բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով զբաղվում է կեղծ հայտարարությունների մի շարք հրապարակումներով, որոնց նպատակն է ցույց տալ և´ միջազգային հանրությանը, և´ իր հասարակությանը, և´ հայ հասարակության դյուրահավատ հատվածին, որ Թուրքիայում լուրջ փոփոխություններ են լինում, և թուրքական քաղաքական մեքենան 1915թ.-ի հետ կապված էական վերաարժևորումներ է արել:
«Հայաստանի Նախագահի հայտարարությունն ու Թուրքիայի ապագա Նախագահի հրավերը Երևան մի կարևոր բաժանարար գիծ անցկացրեց կեղծ հայտարարությունների և իրական նպատակների միջև: Այդ գիծը հետևյալն է՝ Թուրքիան պետք է հրաժարվի կեղծ հայտարարությունների պրակտիկայից և եթե անկեղծ են նրա մղումները, ապա Թուրքիայի ապագա Նախագահը, որն ամենայն հավանականությամբ ներկայիս վարչապետն է, 2015-ին պետք է այցելի Երևան և գլուխ խոնարհի անմեղ զոհերի հիշատակին»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետը հայտարարության մեջ կարևորեց նաև այն, որ առաջին անգամ Հայաստանը բավական բարձր մակարդակով պատասխանեց Էրդողանի ապրիլ 23-ի ուղերձին: Ըստ նրա՝ պատմաբանները վաղուց իրենց անելիքներն արել են, արխիվային փաստաթղթերը վաղուց հրապարակված են և եթե նոր փաստեր էլ կան, ապա, ինչպես Ռուբեն Մելքոնյանը նշեց, դրանք լրացնելու են այն իրողությունը, որ 1915թ.-ին տեղի է ունեցել Ցեղասպանություն: Ամփոփելով քննարկումը թուրքագետը համոզմունք հայտնեց, որ հաշվի առնելով Էրդողանի անձը, չի կարծում, որ նա կայցելի Հայաստան: