Բավ է պառակտվել
03-10-2016 14:59

ՀՀԿ-ն մնում է քաղաքական համակարգի առաջատարը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայաստանում մնում է քաղաքական համակարգի առաջատարը, այս գնահատականը ոչ այնքան քաղաքական է, որքան վիճակագրական: Ընտրությունների որակը բավարարում է ՀՀԿ-ին և իշխող ուժը գոհ է արդյունքներից. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով ՏԻՄ ընտրությունները:

«Հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան խոշորացված 292 համայնքում։ ՀՀԿ-ն միայն իր անդամներով հաղթել է 176 համայնքում, չհաշված նրանք, ում սատարել է ՀՀԿ-ն: Այսինքն՝ ՀՀԿ-ն պաշտպանել է իր ղեկավար դերն ու կշիռը Հայաստանի քաղաքական կյանքում: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա քաղաքական մշակույթի տեսանկյունից այս ընտրությունները եղել են որակապես շատ ավելի բարվոք: Խոսքը վերաբերում է և՛ քարոզարշավին, և՛ ընտրություններին , և՛, հուսով եմ, հետընտրական ընթացքին: Այս պարագայում ևս մեկ անգամ փաստենք, որ ՀՀԿ-ն ինքը փոխելով և փոփոխվելով ունակ է փոփոխություններ առաջադրել և իրականացնել ամբողջ երկրում»,- ասաց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Գյումրիի և Վանաձորի ընտրությունները խորհրդարանական ընտրություններից առաջ փորձադաշտ էին տարբեր քաղաքական կոնֆիգուրացիաների համար և հետաքրքիր հնարավորություն՝ քաղաքական տեխնոլոգիաները փորձարկելու համար:

Արմեն Աշոտյանն ասաց, որ հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում ՀՀԿ-ն և նրան սատարող թեկնածուները ստացան ժողովրդի վստահության քվեն և տեղական ինքնակառավարման մարմիններում համապատասխան կառավարման թիմեր են ձևավորելու:

Անդրադառնալով այլ քաղաքական ուժերի գրանցած արդյունքներին, Արմեն Աշոտյանն ասաց. «Առաջինը, շատ վաղ էր հաշվից հանել ավանդական ընդդիմադիր կուսակցություններին. ԲՀԿ-Ն վերահաստատեց իր մրցունակ քաղաքական ուժ լինելը Գյումրիում և կարողացավ ապահովել սեփական ներկայացվածությունը Վանաձորում: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը նույնպես շատերի համար անսպասելի հաջողություն գրանցեց երկու քաղաքներում՝ գրավելով երկրորդ տեղը: Եթե խոսենք քաղաքական կյանքի նոր դերակատարների՝ «ԳԱԼԱ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների մասին, ապա պետք է նշենք, որ նրանց հաջողություններն այս փուլում լոկալ են: Խոսքս փաստելու համար ասեմ, որ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուները հանրապետությունով մեկ պարտվել են»:

Արմեն Աշոտյանը ևս մեկ դիտարկում արեց, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին: ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ 2012-ին Էդմոն Մարուքյանը 1000 ձայնով ավելի է ստացել, քան իր ղեկավարած կուսակցությունն այսօր: