30-03-2016 14:25

ՀՀԿ-ն արտաքին կապերի նոր հանձնաժողով կստեղծի. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց կուսակցության երկու նոր որոշումներ, որոնցից առաջինը վերաբերում է ՀՀԿ կառուցվածքում արտաքին կապերի նոր հանձնաժողով ստեղծելուն, մյուսը՝ կուսակցության նոր ծրագրի նախագծի մշակմանը:

«ՀՀԿ-ի արտաքին կապերը ղեկավարում եմ ինչպես գիտեք ես: Մեր արտաքին կապերը այնքան են ընդլայնվել ու խորացել, որ կարիք կա ոչ միայն արդեն անձնական, այլ նաև ինստիտուցիոնալ մակարդակով համակարգել կուսակցության գործունեությունը տարբեր միջազգային կառույցներում: Այս հանձնաժողովի հիմնական գործառույթը լինելու է կուսակցական ներկայացուցիչների՝ ինչպես երիտասարդական ու կանանց կառույցների, այնպես էլ խորհրդարանական ներկայացուցիչների համատեղ աշխատանք միջազգային կառույցների ֆրակցիաների համապատասխան հանձնաժողովների հետ»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը նշեց, որ համագործակցելու են ԵԺԿ խմբակցության հետ, որի քաղաքական պոտենցիալը ամենամեծն է:

Ինչ վերաբերում է երկրորդ որոշմանը, ապա Արմեն Աշոտյանը նշեց, որ ՀՀԿ-ն նախապատրաստվում է աշնանը կայանալիք համագումարին և դրան ընդառաջ սկսում է կուսակցության նոր ծրագրի նախագծի մշակումը, ինչի համար ստեղծվել է աշխատանքային խումբ:

«Կուսակցական ծրագրի վերանայումը հույժ կարևոր է, եթե խոսում ենք քաղաքական կուսակցությունների կայացման նոր մակարդակի մասին: ՀՀԿ ծրագիրը վերանայվել ու հաստատվել է 10 տարի առաջ, այս ընթացքում քաղաքական ու քաղաքագիտական մտքի զարգացումներ են տեղի ունեցել և ստեղծվել են նոր հնարավորություններ ու մարտահրավերներ։ Կուսակցության ծրագիրը պետք է ոչ միայն համապատասխանի ներկային, այլ նաև ուրվագծի ապագան: Համագումարին ժամանակից ծրագրի տեսլականը կներկայացնենք հանրությանը»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ ծրագրի նախագիծը քննարկվելու է մարզային ու տարածքային կենտրոնների հետ: