Բավ է պառակտվել
13-04-2017 18:53

ՀՀԿ-ն Լևոն Տեր-Պետրոսյանին կհրավիրի իր քաղաքական դպրոց. Աշոտյան

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է դասավանդելու նպատակով Անդրանիկ Մարգարյանի անվան իր քաղաքական դպրոց հրավիրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
«Մենք դեռ պաշտոնապես չենք դիմել, բայց պատրաստվում ենք պաշտոնապես հրավիրել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ դասախոսելու մեր դպրոցում, և միայն ուրախ կլինենք, եթե առաջին նախագահն ընդունի մեր հրավերը՝ անկախ առկա քաղաքական հակասություններից»,- ասել է Աշոտյանը:
Նրա խոսքերով, արևմտյան շատ երկրներում ընդունված է, որ բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք երիտասարդների հետ կիսվեն իրենց գիտելիքներով: Բացի այդ եվրոպական համալսարանական կրթությունը, սկսած միջնադարից, ակադեմիական ազատություն է պահանջում: «Կրթությունը չպետք է ենթարկվի գրաքննության»,- ասել է Աշոտյանը:
Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի (մահացել է տասը տարի առաջ) անունը կրող ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի առաջին ընդունելությունը տեղի է ունեցել անցած տարի: