Բավ է պառակտվել
30-11-2016 17:10

Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի

Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: Երբ թուրքերը խոցեցին ռուսական ինքնաթիռը, Կրեմլից հնչող խիստ հռետորությունը փոխվեց հապճեպ հաշտությամբ, ինչը կողմերի անհամաչափ վարքի օրինակներից միայն մեկն է:

Էրդողանի Սիրիայում Ասադի ռեժիմը ոչնչացնելու մտադրության հետ կապված վերջին հայտարարությունը կրակին յուղ ավելացրեց: Ռուսաստանը լռում է, թեև բացահայտ աջակցում է պաշտոնական Դամասկոսին: Այդ դեպքում ինչո՞ւ է Մոսկվան ներում Թուրքիայի ցուցադրական դեմարշները և համառորեն վերարտադրում ագրեսիվ գործընկերոջ հանդեպ խոտակեր ճարտասանությունը:

Կարծում եմ, որ դա բացատրվում է այն անասելի բարդ իրավիճակով, որում հայտնվել է Ռուսաստանը: Համբավի կորուստը դարձել է պակաս չարիք, քան հզոր, ազդեցիկ և բացարձակապես ոչ բարի հարևանին բացահայտ դիմակայելու հետևանքները:

Այդուհանդերձ, կարելի է լիովին վստահ լինել. Կրեմլում քաջատեղյակ են, որ թուրքական խոսքին հավատալ չի կարելի, որ Թուրքիան քայքայելու է անկայուն եվրասիական կառույցը` իր կողմը քաշելով Ղազախստանին և մեկուսացնելով Հայաստանը, որ Թուրքիան կեղտոտելու է Հյուսիսային Կովկասում և Մերձվոլգյան շրջանում` ստեղծելով լարվածության կետեր, աջակցելով Ռուսաստանի ներսում գործող ամենածայրահեղական կառույցներին:

Բացի այդ, բոլորի համար ակնհայտ է, որ Թուրքիան ձգտելու է օղակի մեջ վերցնել Սև ծովը` երազելով փշրել ոչ միայն Աջարիան, Աբխազիան և Խերսոնեսը, այլ նաև` Ղրիմը, իսկ հեռանկարում նաև Կրասնոդարի ափը:

Թուրքիայի հետ խոսակցությունը նման է վատ կառավարվող գիշատիչի հետ խոսակցության, որը նաև վիրավոր է: Այսօր Ռուսաստանը չունի միջոցներ Անկարային բաց դիմակայելու համար, ընդ որում, մեր զորքերի բախումը Սիրիայում ավելի ու ավելի իրաեսական է դառնում:

Մնում է միայն պրոֆեսոր Պրեոբրաժենսկու մեթոդը` գործել փաղաքշանքով: Ռուսական ավանդության համաձայն, դա բացարձակապես չի բացառում դեմքին հարվածելու պատրաստակամությունը:

Թուրքիայի վրա ռազմական ճնշում գործադրելու պատրաստակամության նշաններից մեկը Հայաստանին Իսկանդերների տրամադրումն է և մեր երկու երկրների միջև միավորված զորքերի ստեղծումը: Հենց Էրդողանի ռեժիմն է այն պոտենցիալ սպառնալիքը, որ խթանում է Մոսկվայի և Երևանի միջև ռազմական համագործակցությունը:

Միաժամանակ, Ռուսաստանի և Թուրքիայի բարեկամության թեմայով ծիսական պարերը բացառապես կառնավալային ժանր են։ Շատ հատկանշական է, որ որպես խաղաղության աղավնի Անակարա էին ուղարկել հենց Ժիրինովսկուն, ով, ինչպես և նրա նոր թուրք ընկերները, չի առանձնանում համոզմունքների և գերակայությունների կայունությամբ։

Միանգամայն հավանական է, որ տեսանելի ապագայում անհաշտ թշնամիների` Ռուսաստանի և Թուրքիայի ոչ հրապարակային դիմակայության դաշտ կդառնա Վրաստանը։ Անկարայի խնդիրները հասկանալի են` ափի տոտալ իսլամացում, ենթակառուցվածքային ինտենսիվ նախագծեր Ադրբեջանի հետ, որոնք պետք է կապեն ուղղափառ երկրի իշխանություններին ժողովրդագրական ճնշման հեռանկարներ ունեցող պարտավորություններով։

Այս իրավիճակում Ռուսաստանը կարող է դառնալ այն ուժը, որը կսկսի ջանքեր գործադրել Վրաստանի անկախությունը պահպանելու համար` չնայած դրա արևմտյան վեկտորին, պարզապես այն պատճառով, որ Անդրկովկասի թրքացումն ամբողջական վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար։

Այդ բարդ պայմաններում Ռուսաստանն այսօր ստիպված է ծիսական պար կատարել Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Պաշտպանության նախարար Շոյգուի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը «Կասպյան ֆորպոստ է», հատուկ նշանակության բառավարժանք է։

Ռուսաստանը քնեցնում է Թուրքիային, Ռուսաստանը քնեցնում է Ադրբեջանին։ Արտիստականությունն ու հռետորական հնարքները դիվանագիտական աշխատանքի մի մասն են։ Միաժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հիշում են ամեն ինչ` և ապրիլյան ագրեսիան, և Գաբալան։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը ստեղծված իրավիճակում։ Նախևառաջ, գիտակցված և հանգիստ արձագանքի քաղաքական մանրանկարների ռուս–թուրքական թատրոնին։ Բայց ավելի կարևոր է բոլոր ջանքերը գործադրել` Ռուսաստանի հայկական համայնքն ակտիվացնելու համար։

Բանն այն է, որ Ռուսաստանի և Թուրքիայի գաղտնի պատերազմը ոչ միայն Հալեպի և Դամասկոսի շուրջ է ծավալվում, այլ նաև Մոսկվայի իշանական բարձր կաբինետներում։ Քաղաքակիրթ ընտրության, մեր ընդհանուր քրիստոնեական քաղաքակրթության ապագայի, խաղաղ Անդրկովկասի համար վճռորոշ մենամարտը տարվում է Սադովոյե Կոլցոյի սահմաններում։