22-01-2015 08:44

ՌԴ կարող է դուրս գալ Եվրոպայի Խորհրդից

Ռուսաստանը կբարձրացնի Եվրոպայի Խորհրդում (ԵԽ), իր անդամակցության հարցը, եթե 2015 թվականին երկիրը կրկին զրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից: Այդ մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: «Մենք գնահատում ենք Խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի Խորհուրդը առաջին հերթին որպես արդի խնդիրները քննարկելու բաց երկխոսության համար նախատեսված լայն միջազգային հարթակ: Սակայն եթե մենք շարունակ զրկվենք այսպիսի բաց երկխոսություն տանելու հնարավորությունից, ապա այլևս ինչու՞ մենք պետք է գնահատենք այդ կազմակերպությունը: Այդ դեպքում առնվազն մեկ տարով ԵԽԽՎ-ում մեր աշխատանքի դադարեցման հարցը կբարձրանա: Եվ եթե այս տարվա ընթացքում այլ որոշում չընդունվի, ապա կբարձրացվի ԵԽ Ռուսաստանի անդամակցության հարցը», - ասել է Նարիշկինը: Միևնույն ժամանակ ՊետԴումայի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել ԵԽ-ում իր անդամավճարից՝ հիշեցնելով, որ անդամավճարը կատարվում է երկու տարին մեկ անգամ: Ավելի վաղ «Իզվեստիյա» պարբերականը հաղորդել էր, որ Նիդերլանդների պատգամավորները առաջարկել են զրկել Ռուսաստանին ԵԽԽՎ իր լիազորություններից: 2014 թվականի ապրիլին ՌԴ պատվիրակությունը զրկվեց ձայնի, կանոնադրական մարմինների նիստերին և վեհաժողովի մոնիտորինգային գործունեությանը մասնակցելու իրավունքից Ղրիմի հարցով Մոսկվային դիրքորոշման պատճառով: ԵԽԽՎ-ում համարում են, որ ՌԴ գործողությունները բերել են հանրապետության անեքսիայի և դրանով իսկ խախտվել են միջազգային, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նորմերը: