23-06-2016 13:57

Ռուսաստանի ԱԳՆ-ն Թուրքիայի արտգործնախարարին հրավիրել է Սոչի

Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանն ակնկալում է Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարների ներկայությունը Սոչիում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների ԱԳ նախարարների խորհրդակցությանը և պատրաստ է երկկողմ բանակցություններ անցկացնել Թուրքիայի արտգործնախարարի հետ, եթե նա դրական պատասխանի խորհրդակցությանը մասնակցելու հրավերին:
«Մենք հրավիրել ենք բոլոր նախարարներին, և սպասում ենք բոլորին, այդ թվում և՛ Թուրքիային, և՛ Ուկրաինային, բայց դեռ պատասխան չկա: Ես կարծում եմ, որ այս շաբաթ, առնվազն հաջորդ շաբաթվա սկզբին պարզ կլինի»,- ասել է նա:
Նեբենզյան բացատրել է, որ կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի ձևաչափը չի ենթադրում երկկողմ հանդիպումների անցկացում, որովհետև դա բազմակողմանի հարթակ է:
Այնուամենայնիվ, նա ենթադրել է, որ եթե թուրք նախարարը հայտնվի Սոչիում խորհրդակցությանը, ապա «կցանկանա խոսել մեր նախարարի հետ»:
«Մենք ոչ մեկից չենք փախչում, չենք թաքնվում, բոլորի հետ խոսում ենք և բաց ենք այդ առումով բոլոր տեսակի խոսակցությունների համար»,- հավելել է Նեբենզյան:
Արտգործնախարարների խորհրդակցությունն անցկացվելու է Սոչիում հուլիսի 1-ին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։