16-03-2017 14:33

Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն աջակցել հայ-թուրքական հարցի կարգավորմանը. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն աջակցել՝ հայ-թուրքական հարցի կարգավորմանը, այս մասին հայկական «Regional Post – Caucasus» ամսագրում տպագրված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք միայն կողջունեինք, եթե ԵԱՏՄ-ի արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բաց լիներ մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար: Դա անկասկած դրական կանդրադառնա տարածաշրջանի վրա»,- ասել է Լավրովը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել 2007-2009 թթ. Հայաստանի և Թուրքիայի սառեցված հարաբերությունների հալեցման գործում՝ այդ գործընթացի ակտիվ փուլի ժամանակ, երբ ընդհանուր ջանքերի արդյունքում, իհարկե, առաջին հերթին Երևանի և Անկարայի ջանքերի՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Սլովենիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության մասով ԵՄ գերագույն ներկայացուցչի ներկայությամբ Ցյուրիխում կայացավ « Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» և երկու երկրների միջև «Հարաբերություններ զարգացնելու մասին» արձանագրությունների ստորագրումը:
« Ցավոք, ավելի ուշ կարգավորման գործընթացը սառեցվեց, և ներկա դրությամբ լիովին կանգ է առել: Սակայն, խիստ կարևոր է այն,որ կողմերը պայմանավորվելու և լուրջ ու պատասխանատու որոշումներ կայացնելու ընդունակություն ցուցադրեցին»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
« Համոզված եմ, որ Հայաստանն ու Թուրքիան ընդունակ են կարգավորել առկա խնդիրները: Ընդ որում շատ բան կախված է հենց իրենցից: Չէ որ քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլ նաև լավատես լինելու ընդունակությամբ՝ սեփական քաղաքացիների հույսերն ու ձգտումներն իրականացնելու նպատակով:
Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցային սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերել»,- ընդգծել է Լավրովը:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, իսկ 1993թ.-ից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է նաև հայ-թուրքական սահմանը:
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառներից մեկը ղարաբաղյան խնդրում Անկարայի ադրբեջանամետ դիրքորոշումն է, և 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված Թուրքիայի սուր արձագանքը:
Հիշեցնենք, որ 2008թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնել էր Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց:
2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» և «Երկկողմանի հարաբերությունները զարգացնելու» վերաբերյալ արձանագրություններ էին ստորագրել, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն, 2010թ. ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնող հրամանագիր, հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը: Այժմ արձանագրությունների վավերացման հարցը սառեցված է: