07-06-2016 11:23

Ռուսաստանցի քաղաքագետը օգոստոսին նոր ռազմական լարում է կանխատեսում Ղարաբաղում

Հայաստանը Ուկրաինայից հետո Ռուսաստանի դիրքերին հասցրած երկրորդ հարվածն էր: Այս մասին Երևանում հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գևորգյանը, որը ղարաբաղյան հակամարտության մասին 1995-ի զեկույցի համահեղինակն է:

Քաղաքագետը հիշեցրեց, որ ապրիլի ռազմական գործողություններն ինքը կանխատեսել էր դեռ հունվարին: «Հաշվարկել էի տարբեր նախանշաններով»,- ասաց նա:

Անդրադառնալով ռուս-հայկական հարաբերություններին և Հայաստանում հակառուսական հայտարարություններին՝ նա նշեց, որ այսօր հետազոտությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ Ռուսաստանում ուղղակի շփոթմունքի մեջ են կատարվածից եւ Հայաստանում առաջացած հակառուսական տրամադրություններից: Նրա խոսքով՝ Ռուսաստանում լուրջ խոսակցություններ են գնում այն մասին, որ Հայաստանում չեն գործել համապատասխան կառույցները: Աշխատել են վերնախավի հետ, բայց հետխորհրդային պետություններում աշխատանքի լայն սպեկտր չի եղել:

«Հայկական սոցիումը զսպում էր վիրավորանքը, բայց չէր կարող չնկատել, որ Ռուսաստանը ներում է մեծ պարտքերը մյուսներին, և միայն Հայաստանն է իր ունեցվածքով մինչև վերջին կոպեկը վճարել»,- նշեց Կարինե Գեւորգյանը: Սպառազինությունների կապակցությամբ քաղաքագետը հավելեց, որ Ս-300-ը մատակարարել է Մեդվեդեւը, ընդ որում, Ռուսաստանում բարդ իրավիճակի կոնտեքստում:

«Եկեք գործնական մոտեցում ցուցաբերենք: Ադրբեջանական բանակում կան թուրք խորհրդականներ: Ալիևը փող ունի: Ի՞նչ կարող են առաջարկել: Զենքն ամենաարագ և մեծ փողն է: Հակառակ դեպքում Ալիևը կարող էր ՆԱՏՕ-ից սպառազինություններ գնել: Այսօրվա դրությամբ Ալիևի զենքն հիմնականում ռուսական է, իսկ ֆորսմաժորային իրավիճակներում հիբրիդային սպառազինությունների առկայության դեպքում դժվարություններ կառաջանան: Քանի որ զենքն արդեն գնվել է, ավելի լավ է, որ դա ռուսական զենք լինի, ինչը որոշակի դժվարություններ կստեղծի»,- նշեց քաղաքագետը:

Խոսելով նոր ռազմական գործողությունների հնարավորությունից՝ Գևորգյանն ընդգծեց, որ նոր կարճատև պատերազմի բարձր հավանականություն կա օգոստոսին: «Կայրեն բերքը (ադրբեջանցիները խմբ.): Դա անխուսափելի է»,- պարզաբանեց նա: