25-03-2016 09:46

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կողմ են միասնական Սիրիային. Քերրի

ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ Մոսկվան ու Վաշինգթոնը միասնական ընկալում ունեն, որ Սիրիան պետք է միասնական պետություն մնա: «Մենք բոլորս հասկանում ենք, որ կարեւոր է վերջ տալ այս պատերազմին: Հասկանում ենք հնարավոր վտանգները . մենք պետք է ոչնչացնենք ԻՊ-ն, «Ան-Նուսրան», ահաբեկչական մյուս խմբավորումները ու բոլորս համակարծիք ենք, որ Սիրիան պետք է միասնական, չմասնատված, աշխարհիկ երկիր լինի, որտեղ հարգում ու պաշտպանում են փոքրամասնությունների իրավունքներրը»,- հայտնել է պետքարտուղարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով: Քերրին հավելել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ –ին փոխգործակցության շնորհիվ հաջողվել է լուրջ հաջողությունների հասնել սիրիական ճգնաժամի հաղթահարման գործում: «ՌԲԿ»-ի փոխանցմամբ Քերրին նշել է, որ Բրյուսելում կատարված ահաբեկչություններից հետո ԱՄՆ–ն սկսել է ավելի լավ հասկանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումները: «Այդ սարսափելի ահաբեկչությունները այսօրվա խնդիրները չհասկանալու հետեւանքն էին: Սիրիական հակամարտությանը պետք է վերջ տալ, կարգավորել ու ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել ԻՊ-ն ոչնչացնելու վրա»,- ասել է Քերրին: «Կարծում եմ արդարացի կլիներ եթե ես ասեի, որ մենք այսօր ավելի լավ ենք հասկանում այն որոշումները, որոնք վերջերս կայացնում էր նախագահ Պուտինը ու նաեւ ավելի լավ ենք հասկանում, թե ինչպես է պետք առաջ շարժվել»,- հավելել է պետքարտուղարը: Պուտինի ու Քերրիի հանդիպումը, որին մասնակցել է նաեւ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովն ու Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը, անցել է Կրեմլում, մարտի 24–ին: Այն տեւել է չորս ժամ: