Բավ է պառակտվել
12-04-2016 09:50

ՀՀ-ին և Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումները բալանս են ձևավորում

Հայաստանին եւ Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումները բալանս են ձեւավորում, որը տարածաշրջանը ռազմական էսկալացիայից զերծ է պահում։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ «Երբ մենք զինամթերք ենք մատակարարում, մենք հստակ գիտենք, որ կա որոշակի բալանս, եւ այդ բալանսը հենց պատերազմը լուրջ հակամարտության վերածելու զսպող գործոնն է։ Հենց որ մենք այդտեղից հեռանանք, հենց որ մենք դադարենք լինել Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմատեխնիկական գործընկերը, այնտեղ քաղաքականության մեջ ավելի կատարելագործված տղաներ կհայտնվեն, որոնք իրական ջարդ կկազմակերպեն»,- կարծում է Ռոգոզինը։ Նրա խոսքով՝ դա կարող է պատահել այդ երկրներին հարձակողական զինամթերք մատակարարելու պատճառով։ Ռոգոզինը նշել է, որ ոչ թե զենքն է կրակում, այլ մարդիկ։ ՌԴ փոխվարչապետը դժգոհություն է հայտնել այդ հարցի շուրջ «դեմագոգիայից», որը, նրա խոսքով, ծագել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվելուց հետո։ «Պատկերացնենք, որ մենք դադարում ենք ռազմատեխնիկական համագործակցությունը այդ երկրներից մեկում, այնտեղ կհայտնվեն ամերիկացիներն ու ՆԱՏՕ-ն»,- վստահ է ՌԴ փոխվարչապետը։ Նա նշել է՝ պարզ է դառնում, որ այսպես կոչված սառեցված հակամարտությունները պետք է լուծել։ Դրանք պարբերաբար բռնկվում են։ Նրա խոսքով՝ Ղարաբաղի հետ շփման գծում ամեն օր կրակոցներ են հնչում, եւ «այդ բռնկումը, ըստ երեւույթին, տեղի է ունեցել այդ սովորական արյունալի առօրյայի պատճառով»։ Ռոգոզինը նշել է, որ այդ դեպքում անհրաժեշտ է վերադառնալ խաղաղ բանակցային գործընթացին։