Բավ է պառակտվել
02-04-2016 13:29

ՌԴ-ն ԼՂ հարցով խորհրդակցություններ է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ

Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զսպվածության և բռնությունից անմիջապես հրաժարվելու կոչ է անում։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 
«Զսպվածության, որևէ բռնությունից անմիջապես հրաժարվելու կոչ ենք անում կողմերին»,- ասել է նա՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին հաղորդագրությունները: 
Զախարովան նաև հայտնել է, որ «Ռուսաստանն անցել է գործընկերների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցությունների»: «Հետևում ենք իրավիճակի զարգացմանը»,- նշել է նա: 
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի շփման գծում մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններից։
«Նախագահ Պուտինը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել»,-ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև անօդաչու թռչող սարք և տանկ: