Բավ է պառակտվել
15-12-2015 14:19

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն համակարծիք են՝ ԻՊ-ի հետ բանակցել հնարավոր չէ, պետք է պայքարել

Մոսկվայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահները վերջին ամիսներին մի քանի անգամ քննարկել են ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի հարցում առկա խնդիրները: 
«Այդ ճանապարհին պահպանվում են հարցերը, որոնք մենք այսօր պետք է քննարկենք, մասնավորապես՝ Սիրիայում միջազգային խմբի աշխատանքի հետագա աջակցության հարցը։ Սիրիացիներն իրենք են պահանջում մեր մշտական ուշադրությունը՝ Վիեննայում տեղի ունեցած երկու նիստերի ու պայմանավորվածությունների շրջանակներում»,-ընդգծել է ռուս նախարարը։

Նա նշել է, որ ահաբեկչության խնդիրն ավելի լայն է, քան պարզապես սիրիական խնդիր։ Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված «Իսլամական պետությունն» ամրապնդվում է Լիբիայում։

««Իսլամական պետությունն» ակտիվ գործունեություն է ծավալում Իրաքում, ահաբեկչական դրսևորումներ կան Եմենում ու Աֆղանստանում»,-ասել է Լավրովը։ 
Քերին իր հերթին համաձայնել է, որ ԻՊ-ի դեմ համատեղ պայքար է անհրաժեշտ։
«Իհարկե, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայն են, որ ԻՊ-ը մեր ընդհանուր սպառնալիքն է, սպառնալիք մեր երկրների ու ազգերի համար։ Նրանց հետ հնարավոր չէ բանակցել, նրանք ահաբեկիչներ են, որոնք ավերում են մեր մշակույթը, արժանապատվությունը, և մեզ այլընտրանք չեն թողնում, բացի պայքարելուց»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաջողությամբ երկխոսել են Վիեննայում Սիրիայի հարցով միջազգային հանդիպման շրջանակներում։ «Հույս ունեմ, որ մենք կկարողանանք դրանք շարունակել Նյու Յորքում»,-ասել է դիվանագետը։