14-05-2017 23:16

ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին վստահ հաղթանակ է տանում. ԿԸՀ

Երևանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների առաջին ընթացիկ տվյալները:
474 ընտրատեղամասերից 115-ի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է 53 718 ձայն կամ քվեների 71,09%-ը:
Երկրորդ տեղում «Ելք» դաշինքն է(16 074 ձայն, կամ՝ 21,27%), Երրորդ տեղում է «Երկիր ծիրանին», որի համար քվեարկել է 5 768 մարդ՝ 7,63%:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել մայիսի14-ին: ԿԸՀ-ի տվյալներով, ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցություն է ունեցել 345 226 մարդ, կամ ընտրության իրավունք ունեցողների 40,99 %-ը:
Երևանի ավագանու ներկայիս ընտրություններին մասնակցում են իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), ընդդիմադիր «Ելք» դաշինքը, և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:Երևանի ավագանին ընտրվում է 4 տարի ժամկետով և կազմված է լինում 65 անդամից:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, « Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ « Երկիր ծիրանի» կուսակցությանը՝ նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը: