Բավ է պառակտվել
22-01-2016 12:44

ՀՅԴ-ն առաջին անգամ չէ, որ համագործակցում է իշխանությունների հետ.պատգամավոր

Հայաստանի Հանրապետական կուսակցության դռները միշտ բաց են եղել այլ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցության համար: Այս մասին հունվարի 22¬ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՀՅԴ¬ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությանը: «Նախ ցանկանում եմ ընդգծել, որ ՀՅԴ¬ն առաջին անգամ չէ, որ համագործակցում է իշխանությունների հետ: Ես կարծում եմ, որ ՀՀԿ¬ն ու ՀՅԴ¬ն մեր քաղաքական դաշտի այն կուսակցություններն են, որոնք ավելի շատ ընդհանրություններ ունեն՝ ազգային արժեքների պահպանման, պահպանողական գաղափարախոսության տեսանկյունից»,¬ - նշեց պատգամավորը: Անդրադառնալով խոսակցություններին, թե ՀՅԴ¬ն կոալիցիայի է գնում նախարարական պորտֆելներ ունենալու համար՝ Լեռնիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ 1¬- 2 նախարարական պորտֆելներով հնարավոր չէ ինչ¬որ լուրջ ծրագրեր իրականացնել: «Ես կարծում եմ, որ կոալիցիայի գնալ, նշանակում է համաձայն լինել իշխանությունների վարած սոցիալ¬տնտեսական քաղաքականության հետ: Այսինքն, կարելի է նաև առանց պորտֆելներով գնալ կոալիցիայի, քանի որ, մի քանի պորտֆել ունենալով, հնարավոր չէ լուրջ փոփոխություններ իրականացնել: Եթե մի քաղաքական ուժ համաձայն է մյուս քաղաքական ուժի վարած քաղաքականության հետ, ապա կարող է գնալ համագործակցության առանց պորտֆել ուզելու»,¬ նշեց պատգամավորը՝ հստակեցնելով, որ այս պահին դեռ պարզ չէ, թե ինչ ձևաչափով կլինի ՀՀԿ¬ի և ՀՅԴ¬ի համագործակցությունը: Պատգամավորի խոսքով՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը, հասարակությունը միավորված լինեն՝ հանուն ազգային շահի: «Որքան կոնսոլիդացված լինեն մեր քաղաքական ուժերը, մեր հասարակությունը, այնքան շուտ մենք կկարողանանք հաղթահարել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները»,-ընդգծեց Ալեքսանյանը: