Բավ է պառակտվել
07-09-2016 17:00

Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին

Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: Նույնիսկ նշվում է նրա հետևորդ, տեխնոկրատ Կարեն Կարապետյանի անունը:

Հերթական ռոտացիա՞, թե՞ արմատական փոփոխություններ

Հովիկ Աբրահամյանը ստանձնել է վարչապետի պաշտոնը 2014 թ.-ի ապրիլի 13-ին` այդ պաշտոնում փոխարինելով քաղաքական երկարակյացներից Տիգրան Սարգսյանին (ներկայում Եվրասիական տնտեսական միության նախագահ), ով ղեկավարում էր կառավարությունը 2008 թ.-ից:

Կեսդարյա աշխատանքային ուղի անցած Աբրահամյանի գործունեության սկիզբը համընկել է տնտեսական կոնյունկտուրայի վատացման հետ: Վերջինս առաջին հերթին կապված էր հակառուսական պատժամիջոցների հետ, որոնց հետևանքով կտրուկ կրճատվեցին Ռուսաստանից ելող մասնավոր տրանսֆերտները: Մասնավոր տրանսֆերտներն իրենց հերթին Հայաստանում սոցիալական կայունության գլխավոր գործոնն էին:

Տնտեսական խնդիրները, բնակչության նշանակալի զանգվածի ծանր սոցիալական դրությունը, սպասվող արմատական փոփոխությունների բացակայությունը, շուկայի մենաշնորհման բարձր մակարդակը հանգեցրին հասարակական դժգոհության աճին:

Դժգոհության բարձրակետը դարձավ ժամանակակից Հայաստանի պատմության մեջ աննախադեպ իրադարձություն` զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումը։

Սիմպտոմատիկ դարձավ նույնիսկ ոչ թե այդ արյունալի հանգուցալուծումը, այլ այն հանրային օժանադկությունը, որ ստացան խմբի անդամները։ Միաժամանակ, նրանց կողմնակիցների ակցիաները գրավված շենքի մոտ ահազանգեցին բարեփոխումների հետագա ձգձգման վտանգի մասին։

Ազգային համաձայնության կառավարություն

ԶԼՄ–ներում հայտնված հրապարակումների համաձայն, կաբինետի առաջիկա պատճառներից մեկն ազգային համաձայնության կառավարության ձևավորումն է, որի մասին վաղուց են խոսակցություններ պտտվում։

2012 թվականի խորհրդարանական ընտրություններից և 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, որի ժամանակ երկրորդ իշխանավարումը ստանձնեց պետության ղեկավար Սերժ Սարգսյանը, լայն կոալիցիա ձևակերպելու փորձերն այդքան էլ չհաջողվեցին։
«Օրինաց Երկիր» կուսակցությունը լքել է կաբինետը 2014 թվականին Հայաստանի հանրապետական կուսակցության հետ երկամյա աշխատանքից հետո, և մինչև 2016 թվականի փետրվարը, երբ նախարարական պորտֆելներ ստացան Դաշնակցությունը, կառավարությունը, փաստորեն, միակուսակցական էր։

Եվ ահա օգոստոսի 1–ին Հայաստանի նախագահը մշակույթի, ԶԼՄ–ների, հոգևորականության, քաղաքական գործիչների և Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը հայտարարեց ազգային համաձայնության իշխանության ձևավորման անհրաժեշտության մասին։

Նախագահն ընդգծեց, որ ազգային համաձայնության կառավարությունը նախատեսում է քաղաքական պատասխանատվության լայն բաշխում և բաժանում, ավելացնելով, որ ինստիտուցիոնալ ողջ հիմքն արդեն ապահովված է։

Հատկանշական է, որ Սարգսյանը խոստացել է այդպիսի կառավարություն ձևավորել արդեն ամիսներ անց, բայց, հավանաբար, դա ավելի վաղ տեղի կունենա։

Գլխավոր մենեջեր

Իշխանական կառույցների աղբյուրները պնդում են, որ միայն կառավարության փոփոխությամբ գործը չի վերջանա` սպասվում են արմատական, համակարգային, կառուցվածքային փոփոխություններ, որոնց իրագործումը կվստահվի նոր, հաշվով 14–րդ վարչապետ, 53–ամյա Կարեն Կարապետյանին։

Նա հայտնի է Հայաստանում նաև որպես մենեջեր, քաղաքական գործիչ։

Գրեթե տասը տարի Կարապետյանը գլխավորում էր Հայաստանին ռուսական գազի մենաշնորհային մատակարար Հայռուսգազարդ ընկերությունը։

2010-2011 թվականներին Կարապետյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, բայց, լքելով այն, տեղափոխվեց Մոսկվա` զբաղեցնելով «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահի պաշտոնը։

Հասկանալի է, որ նոր կառավարությունը միջանկյալ է լինելու։ Իշխանության վերջնական ուրվագիծը կկազմվի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից և 2018 թվականին Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարման ժամկետի լրացումից հետո։

Այնուամենայնիվ, եթե Կարապետյանին հաջողվի արդյունավետ կառավարություն ձևավորել, որն ընդունակ կլինի խնդիրներ լուծել և վերականգնել գործադիր իշխանության նկատմամբ վստահությունը, ապա նա կարող է մնալ այդ պաշտոնում նաև ընտրություններից հետո։