07-10-2015 12:34

ՌԴ-ն ուզում է խեղդել արնախում գազանին բնում

Ռուսաստանի բացահայտ ներգրավվածությունը սիրիական հակամարտության մեջ կախված է մի քանի գործոններից: Առաջինն այն է, որ Բաշար Ասադը Ռուսաստանի վերջին դաշնակիցն է Մերձավոր Արևելքում, որի նմանը այլևս չկա և որին ռուսները ատամներով պահելու են մինչև վերջ: Այս կերպ բարելավվում են նաև ՌԴ-ի հարաբերությունները Արևմուտքի հետ՝Ռուսաստանն այս ճանապարհով ստիպում է ԱՄՆ-ին իր հետ կոնտակտի մեջ մտնել: Այսպիսով ռուսները միջազգային հանրության հետ հաղորդակցվելու ճանապարհ են հարթում:
Այսօր խոսելով սիրիական հակամարտության մասին նման կարծիք հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, արևելագետ Սուրեն Մանուկյանը:
Բանախոսը նշեց, որ այսօր խաղացողների մեծ թիվը Սիրիայում բավական մեծ է, տասնյակ խաղացողներ կան, սակայն ազդեցիկները հինգն են, որոնցից յուրաքանչյուրն իր շահերն ունի:
«Առաջինը սիրիական բանակն է, որ զարմանալիորեն կերպով արդեն չորրորդ տարին է դիմագրավում է: Այսօր Ասադի ուժերը վերահսկում են երկրին 30%-ը, որը սակայն երկրի ամենաբնակեցված տարածքն է: Երկրորդը՝ քրդերն են, որոնք կենտրոնացել են երկրի Հյուսիսում: Քրդերի մեջ ևս կան տարաձայնություններ, բայց նրանք ունեն մի նպատակ՝ պահել իրենց տարածքները և կռվել «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ: Երրորդը՝ «Ազատ սիրիական բանակ» կոչված միավորումն է՝ չափավոր ընդդիմությունը, որից պարբերաբար խմբեր են անջատվում և միանում ջիհադականներին: Այս ուժը այժմ կարծես թե ձևական բնույթ է կրում, այն պետք է Արևմուտքին, որպեսզի նրանք հենվելով նրա վրա կարողանան միջամտել կոնֆլիկտին: Չորրորդ ուժը իսլամականներն են՝ «Ալ Նուսրա» խմբավորունը, որը ևս բաղկացած է տարբեր շահեր հետապնդող խմբերից»:
Փորձագետը նշեց, որ ԻՊ-ը առասպելական չափերի դաժանություն դրսևորող խմբավորում է, այն ցուցադրական դաժանություն է ներկայացնում և փորձում է վախի մթնոլորտ ստեղծել ՝իր դիրքերը պահելու համար:
Փորձագետը նկատեց, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ ձևավորված կոալիցիան, մեկ տարի շարունակ 6.000 անգամ ռմբակոծեց ԻՊ-ի դիրքերը, սակայն անարդյունք, ինչը տեղիք է տալիս մտածել, որ ԱՄՆ-ը նպատակ չուներ գործել ԻՊ-ի դեմ:
Սուրեն Մանուկյանը նշեց, որ կա վտանգ, որ սիրիայի տարածքում գործող ահաբեկիչները կարող են հայտնվել Հյուսիսային Կովկասում: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը ուզում է խեղդել արնախում գազանին հենց բնում:

Մարինե Բարսեղյան