08-04-2015 11:44

ԲՀԿ-ի կազմաքանդումը ուժեղացրեց երկրում առկա քաղաքական մենաշնորհը. Քոչարյան

ԲՀԿ-ի կազմաքանդումն, իհարկե, թեթևացրեց իշխանությունների կյանքը, դրանով հանդերձ՝ ուժեղացրեց երկրում առկա քաղաքական մենաշնորհը: Նման կարծիք է հայտնել հարցազրույցում Հայսատանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նաև մեկնաբանեց այն կարծիքը, որ նա սառնասրտորեն հետևեց դատաստանին և ոչինչ չարեց, որպեսզի փրկի ԲՀԿ-ն: «Երկու հնչեցված վարկածներն էլ չեն համապատասխանում իրականությանը: Ես ուշադիր հետևել եմ վերջին տարիներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, սակայն դրանց մասնակից երբեք չեմ դարձել: Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն կուսակցության և նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձևաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել: Այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ինչպես ԲՀԿ, այնպես էլ իմ գրասենյակի ներկայացուցիչները, և մեր մեղքը չէ, որ ոչ բոլորն են հավատացել նրանց անկեղծությանը: ԲՀԿ-ն ուներ իր քաղաքական թիմը, որն ակտիվորեն առաջ էր տանում կուսակցության շահերը: Վերջին տարիներին ԲՀԿ-ն համառ ձգտում էր ցուցաբերում՝ սեփական թեկնածուներով մասնակցելու ինչպես խորհրդարանական, այնպես էլ՝ նախագահական ընտրություններին: Ակնհայտ է նաև, որ միանգամայն հասկանալի պատճառներով ես չէի կարող համագործակցել մի քանի ամիս առաջ ձևավորված ոչ իշխանական ուժերի եռյակի ձևաչափին: Եվ ընդհանրապես, այդպիսի ֆորմատ չէր էլ կարող լինել, եթե ԲՀԿ-ն սպասարկեր իմ շահերը: Այդ օրերի իմ հայտարարությունը ստեղծված իրավիճակի և երկրի համար դրա հնարավոր բացասական հետևանքների խնդրով մտահոգ՝ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ նախկին նախագահի հայտարարություն էր», - ասաց Քոչարյանը: