10-01-2014 17:26

Րաֆֆի Հովհաննիսյանը չի հեռացել, նա ակտիվիստների կողքին է

Այսօր, Ազատության հրապարակում, ի պաշտպանություն  Շանթ Հովհաննիսյանի, երթին մասնակցում էր նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Լրագրողներին բնականաբար հետաքրքրում էր նրա առաջիկա անելիքները, արդյոք կշարունակի 2013-ում սկսված պայքարը, թե՝ ոչ:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ փետրվարին հանդես կգա համալիր խոսքով ու կշարունակի պայքարը:

«Այդ պայքարը պայմանավորված չէ ո՛չ պաշտոնով, ո՛չ կեղծված ընտրություններով»,-հավելեց կուսակցության առաջնորդը:

 Ըստ նրա, հարկավոր է հասունանալ որպես ժողովուրդ, կենտրոնացնել ուժերը և բազմապահանջ դուրս գալ հրապարակ՝ երկիրը փոխելու նկատառումներով:

Րաֆֆի Հովհաննիսյանը երկրից բացակայելու ընթացքում քաղաքական և մյուս իրադարձություններին հետևել է: Նկատել է, որ իրենց պայքարը պայմանավորված չի եղել որևէ անձով կամ անհատականությամբ: Ըստ նրա, վերջին մի քանի ամիսը փաստել է, որ ամենատարբեր եղանակներով շարունակում են պայքարել և որ ինքը միշտ քաղաքացիական ակտիվիստների կողքին է լինելու: