07-05-2015 09:17

Հայաստանը ողջունում է Լյուքսեմբուրգի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը. ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանություն ճանաչող բանաձևը ընդունելու կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Շարունակվում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման անշրջելի գործընթացը։
Հայաստանը ողջունում է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունումը։
Լյուքսեմբուրգի խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ընդգծում է, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը հենց ցեղասպանություն է, և կոչ անում Թուրքիայի իշխանություններին առերեսվել սեփական պատմությանը։
Այս բանաձևի ընդունմամբ Լյուքսեմբուրգը համալրեց Ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը և իր կարևոր ներդրումը բերեց մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»։