14-05-2015 10:38

ՀՀ-ն կշարունակի աջակցել Աֆղանստանում անվտանգության պահպանմանը ուղղված միջազգային ջանքերին

Անթալիայում տեղի ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այն նվիրված էր Աֆղանստանում ընթացող Առաքելությանն առնչվող հարցերի, ինչպես նաև Աֆղանստանի հետ ՆԱՏՕ-ի Տեւական գործընկերության ապահովման և այդ հարցում 2016թ. Վարշավայի գագաթաժողովի համար ընդհանուր մոտեցման համաձայնեցման քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ և նրանց ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացնում էր և ելույթով հանդես եկավ ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանը: Իր խոսքում դեսպան Եդիգարյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` շարունակելու օժանդակությունն Աֆղանստանում անվտանգության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին, և հույս հայտնեց, որ Աֆղանստանի ներկայիս ազգային համաձայնության կառավարությունը կշարունակի բոլոր բնագավառներում առաջընթացի ապահովումը` երկրում ձևավորելով համերաշխության ու հարևանների հետ բարիդրացիական մթնոլորտ: