10-04-2015 14:26

ՀՀ-ն կարող է եվրոպական երկրների համար կամուրջ դառնալ դեպի ԵՏՄ շուկա. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 9-ի երեկոյան ընթրիք է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ, որտեղ հանդես է եկել ելույթով:

Նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 9-ի երեկոյան ընթրիք է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ, որտեղ հանդես է եկել ելույթով:

Հարգելի՛ խորհրդարանականներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է Հռոմի սրտում գտնվող այս պատմական պալատում վայելել ձեր բարձր ներկայությունը։ Շնորհակալ եմ այսչափ ջերմ ու մտերմիկ ընդունելության համար: Պատիվ է նաև կրկին գտնվել բարեկամ Իտալիայում, որի հետ մեր հարաբերությունները սերում են նույնակունք՝ քրիստոնեական արժեհամակարգից ու աշխարհընկալումից և երկու ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունից։ Արդեն իսկ խոսուն է այն փաստը, որ Իտալիայի ժողովրդի ձայնը հանդիսացող մարմնում՝ խորհրդարանում, Հայաստանի հետ բարեկամության խումբն այդքան ընդգրկուն է և ունի հարյուրից ավելի անդամ:

Տիկնա՛յք և պարոնա՛ յք,

2015 թվականն առանձնահատուկ է հայության համար. լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Դա առաջին, բայց, ցավոք, ոչ վերջին ցեղասպանությունն էր, որը հող նախապատրաստեց մարդկության դեմ գործվելիք հետագա հանցագործությունների համար՝ Հոլոքոստ, Ռուանդա, Կամբոջա, Սուդան… Ընդամենը մի քանի օրից՝ ապրիլի 24-ին աշխարհի հայերը միջազգային հանրության ներկայացուցիչների հետ միասին բարձրաձայն ոչ են ասելու բոլոր ցեղասպանություններին, և բազում եկեղեցիների զանգեր են հնչելու Արգենտինայից մինչև Իտալիա, ԱՄՆ-ից մինչև Հայաստան։ Այդ օրը քույր եկեղեցիների զանգերը առանձնապես բարձր են հնչելու, կամ գոնե մեզ այդպես է թվալու։ Այո՛, մենք չենք կարող փոխել անցյալը, բայց մենք կարող ենք և պարտավոր ենք կերտել նման հանցագործություններից զերծ ապագա: Մենք պարտավորություն ունենք նրանց առաջ, ովքեր զոհ են գնացել այդ արհավիրքներին և նրանց առաջ, ովքեր վերապրել են այդ սարսափները: Մենք պատասխանատու ենք այն բոլոր մարդկանց առջև, ովքեր վտանգված են նույնիսկ մեր օրերում՝ 21-րդ դարում: Այս առումով, մոտ մեկ դար անց էլ այսօր արդիական ու տպավորիչ են Իտալիայի վարչապետ Լուիջի Լուցատիի խոսքերը, ով հեռավոր 1918թ., խոսելով Հայաստանի անկախությանն աջակցելու անհրաժեշտության մասին, պնդում էր. «Ազգերի իրավունքներին օժանդակելու իտալական սկզբունքը հետևյալն է. սիրում ենք մենք մեր հայրենիքը, պաշտում ենք մեր ազգը, բայց տառապում ենք նաև այլ ազգերի հանդեպ անարդարության դեպքում»: Երբ անթույլատրելին դառնում է թույլատրելի, երբ անընդունելին ընդունվում է միջազգային հանրության կողմից՝ ծնունդ են առնում նոր բարբարոսներ: Այս օրերին Մերձավոր Արևելքում Իսլամական պետության և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից քրիստոնյաների հանդեպ իրականացվող ոճրագործությունները հետևանքն են հենց ամենաթողության, անպատժելիության: Որպես մի ազգի ներկայացուցիչ, որը հարյուր տարի շարունակ պայքար է մղում ցեղասպանությունների կրկնության դեմ՝ հավատացնում եմ ձեզ, որ այդ հանցագործությունն արդյունք չէ քրիստոնյա և մահմեդական, հրեա և գերմանացի, հայ և թուրք, հութու և թութսի տարանջատման, այլ արդյունք է այն ջրբաժանի, որ առկա է համընդհանուր հիմնարար արժեքներ կրողների և դրանք ժխտողների միջև:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Իտալիան, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, նույնպես միացել է այս արհավիրքի դեմ պայքարին: Խոսքս Իտալիայի կողմից ցեղասպանությունների, այդ թվում՝ Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման մասին է: Բարձր ենք գնահատում, որ առանձին իտալական քաղաքներ և նահանգներ, այդ թվում՝ Հռոմը, Միլանը, Վենետիկը, Ֆլորենցիան, իսկ այս մարտ ամսին նաև Տոսկանան նույնպես ճանաչել և դատապարտել են այս ծանրագույն ոճրագործությունը։ Վստահ ենք՝ Իտալիայի օրենսդիր մարմնի կողմից ցեղասպանությունների ժխտողականությունը քրեականացնող օրինագծի ընդունմամբ մենք մեկ քայլ առաջ կշարժվենք այդ հանցագործությունների դեմ պայքարում։

Հարգելի՛ բարեկամներ,

Հայտնի է, որ Հայաստանը Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից է հռչակվել դեռևս Քրիստոսի ծննդից առաջ: Ցեղասպանությունից հետո Իտալիան, ապաստան տալով մեր հայրենակիցներին, արժանավայել կյանքի հոմանիշ դարձավ նրանց համար: Դարերի ընթացքում հայ-իտալական հարաբերություններն էլ ավելի սերտացան ու ընդլայնվեցին, իսկ Հայաստանի անկախությունից հետո ձեռք բերեցին նոր որակ և բովանդակություն: Այսօր մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ՝ քաղաքական ակտիվ երկխոսությունից մինչև համագործակցություն կրթության, մշակույթի, տնտեսության, ու նաև ռազմական ոլորտներում: Պարբերաբար իրականացվում են բարձրաստիճան այցեր, առկա է լայն իրավապայմանագրային դաշտ: Այսօր Իտալիան եվրոպական երկրների շարքում Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է։ Այս ամենը, անշուշտ, վկայում է հայ-իտալական հարաբերությունների կարևոր նշանակության մասին։ Մեր հարաբերություններում կարևորագույն բաղադրիչ է խորհրդարանական համագործակցությունը։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ ինչպես Իտալիայի, այնպես էլ Հայաստանի օրենսդիր մարմիններում գործում են բարեկամության խմբեր։ Իմ անկեղծ ցանկությունն է, որ դուք ձեր հայ գործընկերների հետ ակտիվ երկխոսություն ծավալեք և այցեր կատարեք Հայաստան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ, հարստացնելով հայ-իտալական համագործակցության օրակարգը: Ի դեպ, տարեցտարի աճում է այն պատգամավորների թիվը, ովքեր եվրոպական երկրների խորհրդարաններից՝ Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից, Արցախ են այցելում և տեղում ճիշտ տեղեկատվություն ստանում խնդրի մասին: Կարծում եմ՝ սա պայմանավորված է նրանով, որ մեր եվրոպացի գործընկերները ցանկանում են օբյեկտիվ, իրականությունն արտահայտող տեղեկատվություն ստանալ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ՝ հատկապես, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն իսկ կայացած իրողություն է՝ պետություն, որի զարգացման հիմքում անխախտ դրված են ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները: Այս մասին արձանագրում են միջազգային հեղինակավոր կառույցները, և սա միայն իմ գնահատականը չէ։ Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Իտալիայի կառավարությանը՝ մեզ համար կենսական ԼՂ հիմնահարցում անկողմնակալ և հավասարակշիռ մոտեցման համար: Ելույթ ունենալով մի քաղաքում, որը, հիրավի, քաղաքակրթության և ժողովրդավարության բնօրրան է, և մի երկրում, որ Եվրոպական միության առանցքային դերակատարներից է, չեմ կարող չանդրադառնալ նաև Հայաստան-Եվրոպական միություն կապերին: Մենք բնական գործընկերներ ենք, քանզի մեր գործընկերությունն առաջին հերթին հիմնված է արժեքների վրա. հայերն ու հայկական քաղաքակրթությունը եվրոպական քաղաքակրթության մասնիկն են, իսկ մեր պետությունը հանձնառու է առաջ մղելու այդ արժեքները: Առաջիկայում՝ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ, կձևավորվի Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական հիմքը, որից հետո մեր հարաբերությունները կմտնեն նոր փուլ: Միաժամանակ, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ և այդ կառույցում ունենալով ԵՄ-ին ամենամոտ չափանիշները, մենք կարող ենք կամուրջ դառնալ եվրոպական երկրների, այդ թվում՝ Իտալիայի համար, դեպի 170 միլիոնանոց ԵՏՄ շուկա: Անհնար է մի քանի րոպեում անդրադառնալ երկկողմ բազմաբովանդակ կապերին։ Բայց, որպես հայ-իտալական բարեկամության յուրահատուկ կամուրջ՝ կցանկանայի առանձնացնել նաև Վենետիկի Սուրբ Ղազար կղզում 18-րդ դարից գործող Մխիթարյան միաբանությանը, որը Իտալիայի սրտում դարձել է հայագիտական օջախ և ուխտատեղի։

Հարգելի՛ ներկաներ,

Չնայած, որ մեր երկրների դիվանագիտական հարաբերություններն ընդամենը 24 տարեկան են՝ հայ և իտալացի ժողովուրդների դարավոր բարեկամությունն անհամար դրսևորումներ ունի: Ահա մի գեղեցիկ օրինակ. 150 տարի առաջ Ջուզեպպե Գարիբալդիի գլխավորությամբ Իտալիայի վերամիավորման ու ազատության համար մղվող պայքարից ոգեշնչված՝ հայ մեծ բանաստեղծ Միքայել Նալբանդյանը գրել է «Իտալացի աղջկա երգը», որը սիրվել է հայ ժողովրդի կողմից և այժմ ընկած է Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկի՝ մեր ազգային հիմնի հիմքում: Համաձայնեք, որ շատ խորհրդանշական փաստ է սա:

Ուրեմն,

Կեցցե՛ հայ-իտալական բարեկամությունը,

և թո՛ղ այն շարունակի իր հաղթական վերելքը՝ ի հարատևություն մեր փառավոր անցյալի ու ապագա ձեռքբերումների։