Բավ է պառակտվել
19-05-2015 15:42

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկիին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-լեհական միջպետական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը: Այդ համատեքստում, վարչապետը կարևորել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը և գոհունակություն հայտնել նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած հանձնաժողովի նիստի արդյունքներից: Նշվել է, որ հանձնաժողովի հաջորդ նիստը կայանալու է 2015 թվականի աշնանը, որի շրջանակում ընդգծվել է համատեղ բիզնես ֆորումի կազմակերպման անհրաժեշտությունը:
Եժի Նովակովսկին վարչապետին է փոխանցել Լեհաստանի կառավարության ղեկավար Եվա Կոպաչի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Դեսպանը կարևորել է հայ-լեհական հարաբերությունների հետագա խորացումը և ընդլայնումը: Նա տեղեկացրել է, որ լեհական մի շարք ընկերություններ շահագրգռված են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու և մեր երկրից Լեհաստան տարբեր ապրանքներ արտահանելու գործում: Նշվել է, որ այդ նպատակով այժմ անցկացվում են համապատասխան քայլեր: Եժի Նովակովսկին համոզմունք է հայտնել, որ այժմ իրականացվող աշխատանքների շնորհիվ առաջիկայում Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական կապերն ու առևտրաշրջանառության ծավալները կբարձրանան նոր մակարդակի: Միաժամանակ, դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է լինել այն դարպասը, որով լեհական ձեռնարկությունները կկարողանան մուտք գործել Եվրասիական միության շուկա:
Անդրադառնալով հումանիտար բնագավառում երկկողմ համագործակցությանը՝ Եժի Նովակովսկին նշել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում Յագելոնյան համալսարանում հայագիտական կենտրոն բացելու ուղղությամբ, ինչը կնպաստի նաև կրթական ոլորտում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը: Միաժամանակ, դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ Հայաստանում լեհական համայնքի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրության համար:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի ևս: