12-11-2014 11:52

Քաղաքականության ԲՀԿ-ի գույնով ներկվելու գործընթացի 2-րդ փուլի մեկնարկը տրվեց.Ա. Մելիքյան

«Այսօր արդեն կարելի է խոսել այն մասին, որ Հայաստանի քաղաքական դաշտ կոչվածի ԲՀԿ-ի գույնով ներկվելու գործընթացի երկրորդ փուլի մեկնարկը տրվեց»,-անրադառնալով ներքաղաքական զարգացում ներին news.gisher.ru-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Քաղաքական գործչի խոսքով՝ առաջին փուլում ինքը՝ ԲՀԿ-ն, շնորհիվ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ ներդաշնակ ու խիստ գաղափարական համագործակցության, ներկվեց ընդդիմադիր-իշխանափոխական գույներով, մինչդեռ այժմ սկսվեց եռյակի ձևաչափից դուրս եղած կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, Սփյուռքի կառույցների, այդ բոլորի տարատեսակ երիտասարդական թևերի հավաքագրումը բացառապես ԲՀԿ-ի դրոշի տակ: «Բացառապես ԲՀԿ-ի, քանի որ նրանց բոլորի հետ բանակցելու վերաբերյալ հանձնարարականները տրվել են հենց այդ կուսակցության անդամներին՝ ոչ թե ընդդիմադիր եռյակի համատեղ, այլ՝ հենց միայն ԲՀԿ-ի համապատասխան կուսակցական բարձր ատյանի որոշմամբ»,-ընդգծեց զրուցակիցս: Ըստ նրա՝ սա թատերական հրապարակում հռչակված համաժողովրդական շարժման ԲՀԿ-ացման քաղաքական մարտավարության ու ռազմավարության տեսանկյունից միանգամայն խելամիտ ու ներգործուն նախաձեռնություն է: «Այժմ, անկախ այն բանից, թե եռյակի անդամներից որ մեկն ու երբ կորոշի լքել այդ՝ «ռեալ պոլիտիկ»-ի սկզբունքների հիման վրա հիմնված երփներանգ քաղաքական համագործակցության նորարարական ձևաչափը, ԲՀԿ-ն կմնա համաժողովրդական շարժման անփոխարինելի դրոշակակիրը»,-նշեց Արման Մելիքյանը: ԼՂՀ արտգործնախարարի խոսքով՝ կարևոր է ամրագրել, որ հանուն իշխանափոխական նպատակների եռյակի ձևավորման արդյունքում ոչ միայն ԲՀԿ-ն ներկվեց ընդդիմադիր-հեղափոխական գույներով, այլև ՀԱԿ-ն ու Ժառանգությունը որոշակիորեն ԲՀԿ-ագույն դարձան: Հայաստանի համար այս գործընթացն առնվազն մեկ անչափ կարևոր երաշխիք ապահովելու ներուժ է պարունակում, ըստ Արման Մելիքյանի, դրա միջոցով կարող է կանխվել սեփականության բռնի-հեղափոխական վերաբշխման վտանգը: «Մյուս կողմից տեսանելի է, որ իշխանափոխության միջոցով Հայաստանի կառավարման համակարգի որակական փոփոխությունն ապահովելու իրական կարողունակություն իշխանափոխողները մինչ այժմ երբևէ չեն դրսևորել»,-եզրափակեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը:

Տաթև Առաքելյան