Բավ է պառակտվել
07-07-2014 14:51

Մերձավոր արևելքի վերաձևումներն առնչվում են մեր տարածաշրջանային անվտանգության խնդիրներին.քաղաքագետ

«Մերձավոր արևելքում ներկայումս տեղի ունեցող վերաձևումներն ուղղակիորեն առնչվում են մեր տարածաշրջանային անվտանգության խնդիրներին», -Gisher.news.tu-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արամ Մանուկյանը: Վերջինիս խոսքով՝ ըստ էության մենք գործ ունենք ստեղծված նոր իրողության հետ, որը հասունացավ Սիրիայում և այժմ իր ողջ բացասական կողմերով կյանքի է կոչվում նաև Իրաքում, երբ տարբեր շահագրգիռ ուժերի կողմից ֆինանսավորվող ահաբեկչական կազմակերպությունները պատերազմ են հայտարարում և իրականացնում սուվերեն պետության տարածքում: «Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ թե Սիրիայում, թե Իրաքում մենք գործ ունենք հիմնականում Սաուդյան Արաբիայի և Քաթարի կողմից ֆինանսավորվող և վերջինիս տարածաշրջանային շահերին ծառայող ահաբեկչական խմբերի հետ, որոնք իրենց հաջողությունների ամրապնդման և կառավարական զորքերի կողմից նրանց ճնշմանը չդիմագրավելու դեպքում կարող են իրենց հաջորդ թիրախը դարձնել մեր հարևան ԻԻՀ-ն, ինչը խիստ բացասական հետևանքներ կարող է ունենալ նաև մեր երկրի համար»,-ձևակերպեց փորձագետը: Արամ Մանուկյանի հավաստմամբ՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև ընթանում է լարված պայքար իսլամական աշխարհում գերակա դիրք զբաղեցնելու և թելադրող երկիր դառնալու համար, ուստի պատահական չէ որ ներկայումս Սաուդյան Արաբիայի կողմից ջանքեր են գործադրվում ոչ միայն Իրանի տարածաշրջանային դաշնակից երկրներին թուլացնելու, այլ նաև ԱՄՆ-Իրան երկխոսությանը և հարաբերությունների բարելավմանը խոչընդոտելու ուղղությամբ: «Ընդ որում ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ տեղի են ունենում նաև աշխարհաքաղաքական շահերի հակասություններ ԱՄՆ-ի և նույն Սաուդյան Արաբիայի միջև, ինչի արդյունքում Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում առկա որոշակի դրական միտումները կարող են ավելի ամուր հիմքերի վրա կանգնել, քանի որ նույն իրաքյան խնդրում առկա է շահերի որոշակի համընկնում այդ երկրների միջև»,-փաստեց զրուցակիցս: Քաղաքագետի համոզմամբ՝ Մերձավոր Արևելքում այժմ տեղի ունեցող վերաձևումները կհանգեցի ամբողջ աշխարհում ուժերի հարաբերակցության փոփոխությունների, իսկ ստեղծված երերուն իրավիճակը դեռ տևական ժամանակ կպահպանվի:
Խոսելով մեզ համար զարգացումների կարևորության մասին, Արամ Մանուկյանն ընդգծեց. «Տեղի ունեցող իրադարձություններում մեզ համար խիստ կարևոր է, որ իրաքյան քրդերը, օգտագործելով ընձեռված պահը, փորձում են դե յուրե հասնել անկախության, ինչը այսպես թե այնպես հայկական կողմի համար հավանաբար դրական կարելի է համարել: Նախևառաջ քրդերը որոշակի սահմաններով հայրենիք ձեռք բերելու խնդիր են լուծում, ինչը նշանակում է, որ Արևմտյան Հայաստանում ապրող քրդերին կարելի է ցույց տալ իրենց հայրենիքի տեղը և նրանց կողմից մեր պատմական տարածքների նկատմամբ ունեցած հավակնությունները ի չիք դարձնել` ուղղելով իրենց ջանքերը «նոր հաստատվող հայրենիքում» ամրապնդվելու վրա»,-ամփոփեց քաղաքագետը:

Տաթև Առաքելյան