19-01-2014 14:01

Ոչ թե ՛՛Ժառանգությունը՛՛ ետ կանգնեց պայքարից, այլ քաղաքացիները նահանջեցին. Արմեն Մարտիրոսյան

  2013թ-ին ՛՛Ժառանգություն՛՛  կուսակցությունն աչքի ընկավ ակտիվ գործունեությամբ, հատկապես ակցիաներով, որոնց միջոցով ՛՛Ժառանգականները՛՛ պայքարում էին հասարակությանը հուզող խնդիրների դեմ:

Մեզ հետ զրույցում ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անրադարձավ կուսակցության անցած ճանապարհին և ակտիվությանը:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք կուսակցության անդամները պայքարի կեսից մի տեսակ նահանջեցին, իսկ ժողովուրդը բնականաբար հիսթափվեց ու չհավատաց պայքարի ուժին, Մարտիրոսյանը նշեց, որ ՛՛Ժառանգությունը՛՛ երբեք սկսած գործը կիսատ չի թողնում:

՛՛Հանրահավաքները պայքարի միակ ուղղվածությունը չեն, այլ պարզապես միջոց են: Չեմ կարծում, որ նահանջել ենք, եթե հիշում եք ՛՛Ժառանգությունը՛՛ մասնակցել է նաև ազատամարտիկների բողոքի ակցիաներին, Մաքսային Միությանը դեմ ակցիաներին և այլնին՛՛:

Արմեն Մարտիրոսյանը շարունակելով իր խոսքը, հավելեց, որ իրենք նպատակային պայքար էին ծավալել, հատկապես 2013թ-ի սկզբին: Ակտիվ էր նաև հասարակությունը, նրանք մասնակցում էին կեղծ նախագահական ընտրությունների դեմ պայքարի ակցիաներին, ՛՛Բարև՛ ՛՛ շարժման հետ միասին:

՛՛Ես կասեի, որ մեր ակտիվությունը, բնականաբար կախված է հանրությունից: Մեզ համար քաղաքացիների ցանկությունը պարզապես քաղաքական ուղենիշ է՛՛,-հավելեց Արմեն Մարտիրոսյանը և նշեց, որ համընդհանուր պայքարից առաջին հերթին ետ կանգնեցին քաղաքացիները:

Բայց հարկավոր է հիշեցնել, որ մեկ շաբաթ առաջ, մամուլի ասուլիսի ընթացքում, ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն անրադառնոլով նույն այս թեմային նշել էր.՛՛Մենք հասկանում ենք, որ սխալվել ենք, բայց դա չի նշանակում, որ եկել է ՛՛Ժառանգության՛՛ վերջը՛՛, այդուհանդերձ հավելել էր, որ իրենք սխալվել են, ինչն ուղղել չի լինի:

Մեզ հետ զրույցի վերջում Արմեն Մարիրոսյանը նշեց, որ կուսակցությունում քննարկումները սկսված են և իրենք, ինչպես և միշտ, շարունակելու են մասնակցել այն միջոցառումներին, որոնք կբխեն հանրության շահերից: Իրենց գործողությունները կսկսեն հավանաբար փետրվար ամսից: