Բավ է պառակտվել
02-06-2014 19:01

Ընդդիմությունը իշխանությանը մինչև աշուն է ժամանակ տալիս

Քառյակը 12 կետից բաղկացած հայատարարություն է ընդունել, որը կներկայացնի իշխանությանը. այս մասին քառյակի 4 ժամ տևած փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Իսկ մանրամասները կհայտնեն առաջիկայում նախատեսված մամուլի ասուլիսով։ «Առայժմ կարող ենք հայտարարել, որ 12 կետերը ամբողջությամբ բոլորի կողմից ընդունված քաղաքական փաստաթուղթ է»,-ասաց նա։
Հարցին, թե արտաքին քաղաքական պահանջներ կա՞ն, պատգամավորը նշեց, որ ոչ։ «Հիմնականում պահանջները վերաբերում են ներքաղաքականին խնդիրներին»,-ասաց նա և նշեց, թե առանձին դրույթներ կան, որոնք կառավարությանն են վերաբերում, առանձին կետեր էլ կան, որ ընդհանրապես վերաբերում են իշխանությանը։
Դիտարկմանը, որ եթե չկան արտաքին պահանջներ՝ կարելի՞ է ենթադրել, որ գոհ է քառյակը արտաքին քաղաքականությունից, Ռուբեն Հակոբյանը նշեց, թե չի կարծում, որ նման ենթադրություններ կարելի է անել։ «Որովհետև առանձին–առանձին չորս խմբակցություններն իրենց գնահատականը տվել են, ուղղակի այսօր ժամանակի պատճառով չենք անդրադարձել այդ հարցին»։
Հարցին, թե իշխանափոխության հանգեցնելո՞ւ են այդ պահանջները, Ռուբեն Հակոբյանը նշեց, թե այս պահանջները միտված են հասարակության մեջ արմատական փոփոխություններ իրականացնելուն և մեկը դիտում է ամբողջական իշխանափոխության տարբերակը, ինչպես «Ժառանգությունը», մյուսը քայլ առ քայլ է դրան ձգտում։ «Դրանք կետեր են, որոնք արմատական փոփոխության կմտցնեն մեր երկրի տնտեսության մեջ, քաղաքականության և ինչ-որ տեղ էլ բարոյահոգեբանական առումով»,-ասաց նա և ավելացրեց. «Կետերից մեկը 100% համամասնական ընտրական համակարգի մասին է»։
Իսկ այս ամբողջ պահանջների իրականացման համար իշխանությանը քառյակը մինչև աշուն ժամանակ կտա։ «Հանրահավաք կլինի աշնանը։ Մինչև աշուն իշխանությունը հնարավորություն ունի այդ կետերն իրականացնելու, հանրահավաքից հետո արդեն ընդհանուր գնահատական կտանք, թե ինչպես են իշխանություններն արձագանքել մեր պահանջներին»,-նշել է նա։