17-09-2014 13:32

ԱԺ ոչ իշխանական քառյակը կարծես եռյակ է դառնում

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերից միայն երեքը կմասնակցեն համատեղ հանրահավաքին, որը կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը 18.00-ին` Ազատության հրապարակում: Այս մասին քառյակի հերթական նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ միայն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» կմասնակցեն հանրահավաքին, իսկ ՀՅԴ-ն իր չմասնակցելը բացատրել է Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ունեցած տարակարծությամբ:
«Խնդրում եմ, սակայն այստեղ ինտրիգ չփնտրել, առավել ևս, որ բազմաթիվ հարցերում քառյակը միասնական է: Ելնելով այդ հանգամանքից ՀՅԴ-ն չի մասնակցի նաև մարզային հանդիպումների այն շարքին, որը առաջիկա օրերին կմեկնարկի»,- տեղեկացրեց Ն.Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք սա չի նշանակում, որ ՀՅԴ-ն փորձում է դուրս գալ խաղից, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց.
«Կարծում եմ ոչ, որովհետև հասկանալի է, որ հանրահավաքին մասնակցելով դժվար կլիներ շրջանցել Սահմանադրական բարեփոխումների թեման: Դա իրենց որոշումն է և մենք հարգում ենք այն»,- հավելեց Ն.Զոհրաբյանը:
Նաև ասաց, որ հանրահավաքի հետ կապված մնացյալ բոլոր հարցերը, այդ թվում և այն, թե արդյոք դրան կմասնակցեն կուսակցությունների առաջնորդները, կքննարկվի եռյակի առաջիկա հանդիպմանը: