18-07-2014 16:59

Քարվաճառի դեպքի մեղավորը միայն իշխանությունն է. Ա. Մարտիրոսյան

Քարվաճառի դեպքերի մեղավորը իշխանություններն են, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ արտաքին սահմաններն ամրացնելու փոխարեն Հայաստանի ղեկավարությունը ուժեղացնում է սեփական անվտանգությունը:

«Մարդկային ռեսուրսներն ուղղվում են ոստիկանների թվի ավելացմանը՝ քաղաքացիների վրա ճնշում գործադրելու ուժային լծակ ունենալու համար: Այն դեպքում, երբ այդ ռեսուրսներն անհրաժեշտ են Հայաստանի սահմանների պաշտպանության համար», - նշել է Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որը չեզոքացնելիս հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի, երկուսին ձերբակալել: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: Դիվերսանտները նաեւ սպանել են Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին: Կատարվածի առնչությամբ ԼՂՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել: