28-02-2015 16:43

Պուտինը հավաստիացրեց, որ Նեմցովին սպանողները կպատժվեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրեց, որ ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության կազմակերպիչները և կատարողները կպատժվեն ըստ արժանվույն: Այդ մասին ասված է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «Բորիս Նեմցովը իր հետքն է թողել Ռուսատանի պատմության, քաղաքական և հասարական կյանքի մեջ: Նրան վիճակվել է աշխատել նշանակալից պաշտոններում մեր երկրի համար բարդ շրջանում: Նա մշտապես ուղիղ և ազնվորեն հայտնել է իր դիրքորոշումը, պաշտպանել է իր տեսակետը», - ասված է հաղորդագրության մեջ: Պետության ղեկավարը նաև ցավակցել է սպանված քաղաքական գործչի մորը՝ Դինա Յակովլևնա Էյդմանին: Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Նեմցովի սպանությունը պատվիրված էր և սադրիչ բնույթ է կրում: Այդ հանցագործության հետաքննման համար նա հանձնարարել է հատուկ քննչական խումբ ստեղծել: Քննությունը իր անձնական վերահսկման ներքո է վերցրել ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը: Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում՝ փետրվարի 28-ի ուշ գիշերին: Սպիտակ մեքենայով տեղաշարժվող անհայտները առնվազն վեց անգամ կրակ են արձակել նրա թիկունքին այն պահին, երբ նա քայլում էր Մեծ Մոսկվորեցկի կամրջով իր ուղեկցորդուհու հետ: ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Սպանություն» և «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով: ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով սպանության պատճառ կարող էր հանդիսանալ երկրում քաղաքական իրավիճակի ապակայունացումը: Բացի այդ հետաքննվում է սպանության «իսլամական» վարկածը. Նեմցովին սպառնացել են Փարիզում Charlie Hebdo պարբերականի խմբագրություն ահաբեկչություն կատարելու վերաբերյալ իր դիրքորոշման կապակցությամբ: Բացի այդ սպանությունը կարող էր կապված լինել նաև ուկրաինական հակամարտության, ինչպես նաև նրա առևտրական գործունեության և անձնական ատելության հետ: