Բավ է պառակտվել
28-09-2015 09:26

Ես հստակ գիտեմ, որ ԱՄՆ-ն կապ ունի Յանուկովիչի պաշտոնանկության հետ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը հստակ գիտի Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկության հարցում ԱՄՆ-ի դերի մասին: «Մեր գործընկերները ԱՄՆ-ում չեն թաքցնում, որ աջակցել են նրանց, ովքեր դեմ են եղել նախագահ Յանուկովիչին»,- ասել է Պուտինը ամերիկացի լրագրող Չարլի Ռոուզին տված հարցազրույցում։ Այն հարցին՝ թե արդյոք Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-ն կապված է Յանուկովիչի պաշտոնանկության հետ, երբ նա ստիպված էր փախչել Ռուսաստան, նախագահը պատասխանել է. «Ես դա հաստատ գիտեմ»։ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը «հազարավոր համատեղ տարբեր կապեր» ունի այն մարդկանց հետ, ովքեր ապրում են Ուկրաինայում։ «Եվ մենք գիտենք՝ ով, որտեղ, երբ է հանդիպել, աշխատել այն մարդկանց հետ, ովքեր պաշտոնանկ են արել Յանուկովիչին, ինչպես են նրանց աջակցել, որքան են վճարել, ինչպես են նախապատրաստել, որ տարածքներում, որ երկրներում և ովքեր են եղել հրահանգողները։ Մենք ամեն ինչ գիտենք։ Իրականում, մեր ամերիկացի գործընկերները դա արդեն չեն էլ թաքցնում»,- նշել է Պուտինը։