27-11-2015 09:26

Առանց ցամաքային գործողությունների ահաբեկչության դեմ հաջող պայքարն անհնար է.Պուտին

Սիրիայում ահաբեկչության դեմ հաջող պայքարն անհնար է առանց ցամաքային գործողությունների, որոնք պետք է ապահովի երկրի նախագահ Բաշար Ասադի բանակը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման արդյունքներով կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ասադի բանակը պատասխանատու դաշնակից է»,- ասել է նա: Ըստ Պուտինի, Ֆրանսիայի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկություններ փոխանակել այն մասին, թե որ տարածքներն է զբաղեցրել «ընդդիմության առողջ հատվածը», որոնք՝ ահաբեկչական խմբավորումները: Օլանդի խոսքով էլ, ԻՊ-ի ուղղությամբ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հարվածները համակարգվելու են: «Մենք պետք է մեր ավիահարվածները կենտրոնացնենք «Իսլամական պետության» եւ ահաբեկչական այլ խմբավորումների ուղղությամբ»,- ասել է նա: