Բավ է պառակտվել
24-11-2015 14:40

Պուտինը ռուսական ինքնաթիռը խոցելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ այսօր Թուրքիայի կողմից թուրք-սիրիական սահմանի մոտ ռուսական Су-24 ինքնաթիռի խոցման վերաբերյալ:  Տեղեկացվում է, որ այս պահին նախապատրաստվում է հայտարարության տեքստը, իսկ բովանդակության վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան: Միաժամանակ հաղորդվում է, որ դեպքի հետ կապված առաջիկայում հայտարարությամբ է հանդես գալու նաև ՆԱՏՕ-ն: Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել դեպքի հետ կապված՝ նշելով, որ ինքնաթիռը թռիչքի ժամանակ գտնվել է բացառապես Սիրիայի տարածքում և որ դրա համար ունեցել է Սիրիայի իշխանությունների թույլտվությունը: Ռուսական «Գազետա.ռու» պարբերականի հետ զրույցում ՌԴ վաստակավոր օդաչու Անդրեյ Գուսևը անդրադառնալով դեպքին՝ պարզաբանել է, թե ինչու է ինքնաթիռը թռիչքներ իրականացրել առանց կործանիչների ուղեկցությամբ, որի արդյունքում էլ գործնականում հնարավոր է եղել խոցել այն: «Կործանիչները ռմբակոծիչներին ապահովագրում են հնարավոր հարվածներից՝ բոլոր այն տեղերում, որտեղ նման վտանգ կա: Բայց Իսլամական պետությունը չունի ավիացիա: Իսկ ինքնին հակաահաբեկչական օպերացիան համաձայնեցված էր կոալիցիայի բոլոր կողմերի հետ՝ այդ թվում նաև Թուրքիայի հետ: Հետևաբար, մեր ինքնաթիռներին որևէ պոտենցիալ վտանգ չէր սպառնում, որպեսզի օդում նրանց պաշտպանելու խնդիր առաջանար: Ուստի ինքնաթիռը խոցվել է բացառապես անօրինական կերպով... փաստացիորեն Թուրքիան հանդես է գալիս ԻՊ-ի կողմից և ռազմական առճակատաման է գնում Ռուսաստանի Դաշնության հետ: Ավելի լավ է նրանք այդպես չվարվեն»,- նշել է օդաչուն: