Բավ է պառակտվել
05-08-2016 12:03

ՌԴ-ն չի պատրաստվում ԼՂ հակամարտության կողմերին «պատրաստի բաղադրատոմսեր» պարտադրել. Պուտին

Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված «ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր». Մոսկվան պատրաստ է աջակցել հակամարտող կողմերի արած յուրաքանչյուր առաջարկին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք ամենևին էլ չենք փորձում Ադրբեջանին ու Հայաստանին ինչ-որ պատրաստի «բաղադրատոմսեր» պարտադրել: Կողմերը պետք է իրենք համաձայնության գան և առանց արտաքին ճնշման հանգեն երկուստեք ընդունելի լուծման: Սա է մեր հստակ դիրքորոշումը»,-ասել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ փոխզիջման հասնելը ենթադրում է «տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև օպտիմալ հավասարակշռության ձեռքբերում»:

«Իհարկե, կարգավորման նպատակը պետք է լինի պայմանավորվածությունն առ այն, որ կողմերից և ոչ մեկը չի ճանաչվելու որպես հաղթող կամ պարտվող: Զիջումները պետք է փոխադարձ լինեն, իսկ դրանից բխող շահերը` ակնհայտ Ադրբեջանի ու Հայաստանի հանրության համար: Իսկ Ռուսաստանն իր հերթին պատրաստակամ է աջակցել հակամարտության լուծման այն տարբերակին, որը ձեռք կտա բոլոր կողմերին, ու մյուս միջնորդների հետ հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»,-հավելել է ՌԴ նախագահը:

Իր խոսքում Պուտինը նշել է, որ Ռուսաստանը 2 երկրների հետ էլ խոր պատմական կապեր ունի, զարգացրել է ռազմավարական բնույթի հարաբերություններ` հիշեցնելով նաև աշխարհագրական մոտ դիրքի մասին:

«Այդիսկ պատճառով մենք անկեղծորեն հետաքրքրված ենք հարևան տարածաշրջանում խաղաղության ու անդորրի վերահաստատման հարցում, որպեսզի այնտեղ այլևս մարդիկ չզոհվեն, սահմանները բացվեն, վերականգնվեն տնտեսական կապերը: Մենք այդ ուղղությամբ անում ենք հնարավորը»,-շարունակել է Պուտինը:

Նա իր խոսքում անդրադարձել է նաև հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպմանը` նշելով, որ Մոսկվան ողջունում է հանդիպման կառուցողական ընթացքը:

Պատասխանելով լրագրողի հարցին, որ Ռուսաստանը հավակնում է մենաշնորհ ստանալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում` նախագահն ասել է, որ նման բան չկա և որ Մոսկվան այդ հարցում համագործակցում է արևմտյան գործընկերների հետ` հույս ունենալով համատեղ ջանքերի շնորհիվ հասնել ընդհանուր կարգավորման: