Բավ է պառակտվել
29-08-2017 14:29

ՀՀ և ՌԴ ժողովուրդները կապված են բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր կապերով. Պուտին

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«1997 թվականի պայմանագրով սկիզբ դրվեց Ռուսաստանի և Հայաստանի միջև միջպետական կապերի ժամանակակից փուլին։ Այդ կարևոր փաստաթղթի ստորագրումը պայմաններ ստեղծեց քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման համար»,– նշել է ՌԴ նախագահը։
Նա ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների վաղեմությունը, որի հիմքը բոլոր ժամանակներում էլ եղել են երկու երկրների ժողովուրդներին կապող փոխադարձ հարգանքի և բարեկամության ամուր կապերը:
ՌԴ ղեկավարը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը, որոնք երկու տասնամյակում հասել են դաշնակցային փոխգործակցության մակարդակի:
«Մոսկվան ու Երևանը արդյունավետ կերպով փոխգործակցում են եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, համակարգում են իրենց ջանքերը՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման նպատակով», - ասված է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ:
Պուտինը հաստատել է ռուս-հայկական համալիր համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունն` ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների: