30-09-2015 10:51

Պուտին-Օբամա դիվանագիտական «մենամարտում» հաղթել է Պուտինը. Փորձագետ

Վերջին օրերին ողջ աշխարը սպասում էր Պուտին-Օբամա սպասված հանդիպմանը և դրա արդյունքներին: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը այսօր մեկնաբանելով այդ հանդիպումը, նկատեց, որ Ռուսաստանի դիվանագիտությունը ինչ-որ իմաստով հաղթել է. «Արևմուտքը ի դեմս ԱՄՆ-ի ընդունեց այն դրույթը, որ «իսլամանակ պետության» դեմ պետք է պայքարել համատեղ ուժերով և Մերձավոր Արևելքում առկա կոնֆլիկտի լուծումը այլևս իր մենաշնորհը չէ»: Փորձագետը նկատեց, որ Ռուսաստանը սիրիական հակամարտության հարցում ավելի կտրուկ քայլեր է կատարել՝ Բաղդադում ստեղծելով տեղեկատվության հավաքման կենտրոն: «Ռուսաստանը իր քաղաքականությունը նուրբ և մեղմ քայլերով է տանում: Ասվում է, որ Իրաքի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ ստեղծվել է տեղեկատվական կենտրոն և, որ ՌԴ-ն ցամաքային տարածքում չի ծավալի ռազմական գործողություններ»: Ալեքսանդր Մանասյանը հատկանշական համարեց նաև այն, որ հանդիպումից հետո Օբաման դուրս չեկավ լրագրողների մոտ. «Կարծում եմ, որ այդ դիվանագիտական «մենամարտում» հաղթել է Պուտինը: Ամերիկյան փորձագետներից մեկը նույնիսկ գրել էր, որ Օբաման չպետք է հանդիպի Պուտինի հետ, քանի որ այս պահին ԱՄՆ-ի դիրքերը թույլ են սիրիական հակամարտությունում: Սակայն, մտավախությունը, որ Պուտինը կարող է լիովին իր ձեռքը վերցնել այս գործընթացը, ստիպեց Օբամային գնալ հանդիպման:

Մարինե Բարսեղյան