24-04-2015 12:04

Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին.Վլադիմիր Պուտին.

«Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»,-Ծիծեռնակաբերդում ունեցած իր ելույթում նշեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահն իր խոսքում հիշեցրեց, որ 1.5 մլն խաղաղ բնակիչներ սպանվեցին ու ավելի քան 6 հարյուր հազարը վտարվեցին սեփական երկրից ու զանգվածային հետապնդումների ենթարկվեցին, ոչնչացվեցին ճարտարապետության անգին հուշարձաններ, հինավուրց գրքեր ու անգին ձեռագրեր այրվեցին: 

«1915 թվականի իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը՝ Ռուսաստանում այն ընդունեցին որպես սեփական ցավ: Հարյուր հազարավոր մարդիկ ապաստան գտան Ռուսաստանում ու փրկվեցին: Հենց ռուսական դիվանագիտությունը հասավ հայ ժողովրդի նկատմամբ կատարվածի միջազգային դատապարտմանը, Ռուսաստանը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, քիչ առաջ Ֆրանսիայի նախագահը հիշատակեց այդ մասին, համատեղ հայտարարությամբ տեղի ունեցածն ուղղակիորեն անվանեցին մարդկության ու պետության դեմ ուղղված հանցագործություն»,-ասաց Պուտինը: Անդրադառնալով Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա հարաբերություններին, ՌԴ նախագահը նշեց, որ դրանք միշտ բնորոշվել են առանձնահատուկ մտերմությամբ և փոխադարձ օժանդակությամբ, այդպես է եղել հարյուրամյակներ ի վեր: «Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում, ընդգծում եմ, հարյուրավոր քաղաքներում կանցկացվեն հիշատակի ավելի քան երկու հազար միջոցառումներ: Դրանց կմասնակցեն ոչ միայն ռուսաստանցիներ, որոնց թիվը հասնում է 3 մլն-ի, այլև ուրիշ ազգությունների ներկայացուցիչներ: Ռուսաստանի դիրքորոշումը եղել ու մնում է հետևողական: Մենք մշտապես համարել ենք, որ մարդկանց զանգվածային սպանությունը չի կարող ունենալ որևէ արդարացում: Միջազգային հանրությունը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի անցյալի ողբերգական իրադարձությունները երբևէ չկրկնվեն, որպեսզի բոլոր ժողովուրդները կարողանան ապրել խաղաղության մեջ: Այսօր աշխարհի մի շարք շրջաններում կրկին գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը, իշխանության են ձգտում ծայրահեղ ազգայնականները, կան նաև ռուսաֆոբիայի դրսևորումներ: Պետք է հարց տալ՝ ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում. ո՞րն է դրա պատճառը: Եվ աշխարհի որևէ ծայրում ցանկացած գործողություն կատարելուց առաջ պետք է նախ և առաջ մտածել հետևանքների մասին»,-ասաց ՌԴ նախագահը: Նա ընդգծեց՝ հիշելով անցյալի իրադարձությունները պետք է լավատեսությամբ հայացքն հառել ապագային: «Պետք է կարողանանք բարություն դրսևորել, հարգել փոխադարձ շահերը, համաձայնության գալ, միայն այդպես է հնարավոր աշխարհն ավելի լավը, ավելի կայուն ու ավելի ապահով դարձնել: Մենք ձեզ հետ ենք հարգելի բարեկամներ»,-ամփոփեց իր ելույթը Վ. Պուտինը: Նշենք, որ Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1995 թվականի ապրիլի 14-ին: